Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ներխուժել են Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք

Հունիս 16,2012 23:13

Այսօր՝ հունիսի 16-ին, հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի տարեդարձն է: Այօր նա կդառնար 89 տարեկան: Քանդակագործ Չուբարյանը Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ և­ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած «Մեսրոպ Մաշտոցը», որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել:

Հոբելյանական այս օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության լուռ համաձայնության պայմաններում, ներխուժեցին Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գնտվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, և որոշեցին երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը՝ բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով:

Դեպքը հուզեց ոչ միայն Չուբարյանի կնոջն և դստերը, այլև շենքի մյուս բնակիչներին, ինչպես նաև Երևանի բազմաթիվ գիտակից քաղաքացիների: Այս հարցում հստակ է, որ ՀՀ իշխանությունները առաջնորդվում են խորհրդային ռեպրեսիվ, զավթողական մեթոդներով, որոնց պայմաններում Չուբարյանների հողատարծքը արդեն մեկ անգամ կրճատվել էր՝ տրամադրվելով ՆԳՆ նախկին մանկապարտեզին: Այսօր՝ անվանի քանդակագործի տարեդաձի առթիվ, փոխանակ պատկան մարմինները իրենց իսկ նախաձեռնությամբ և պահպանելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով հղված Կենտրոնի գոտիավորման նախագծի սահմանումները՝ աջակցեին անվանի գործչի ժառանգներին հիմնելու Չուբարյանի անվան մշակութային կենտրոն՝ նրանք, ընդհակառակը, խլում են այդ տարածքը և խախտելով օրենքը՝ հատկացնում այն Նալբանդյան 106/1-ի կառուցապատողին:

Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում հայ արվեստի, կրթության և լուսավորության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների սեփականության զավթման առնչությամբ: Սա գնահատում ենք որպես մի անօրինակ խայտառակություն Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար, և գտնում ենք, որ այդ խայտառակության համար պատասխանատվություն են կրում հենց պատկան մարմինները:

Խստիվ դատապարտում ենք այն փաստը, որ քաղաքային իշխանությունները արտոնում են Երևանի կենտրոնի գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեություն՝ կոպտորեն խախտելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի դրույթները:

Քրեորեն պատժելի այս գործունեության թե՛ կարգադրիչները և թե՛ կատարածուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հասարակության առջև մեկ առ մեկ ճանաչվեն որպես հայ մշակույթի գործիչների հիշատակն անարգող անձինք, որոնց փոխարինումը համարում ենք քաղաքաշինության ոլորտի համակարգային զարգացման թիվ մեկ նախադրյալ:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Փրկենք հուշարձանները» նախագիծ

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930