Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի առաջին եռաչափ` 3D նկարի շնորհանդես` Ազնավուրի հրապարակում

Հունիս 26,2012 20:23

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և «Ամերիբանկի» համագործակցության արդյունքում հունիսի 1-20 անցկացված «Երազանքների պատ» ծրագրի շրջանակում իրականացված  եռաչափ նկարի շնորհանդեսին:

Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին «Երազանքների պատերին» տեղ գտած բազմաթիվ խնդրանքները, կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է եռաչափ պատկերով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևան էր հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ: Ի դեպ, երևանյան նկարն իր չափերով նկարչի նմանատիպ ամենամեծ աշխատանքն է աշխարհում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս նախաձեռնությունը քաղաքապետարան-մասնավոր կառույցներ արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է, որը լինելու է շարունակական: «Մեր գործընկերոջ հետ նախաձեռնելով «Երազանքների պատ» ակցիան` նպատակ էինք դրել տեղեկանալ Երևանի զարգացման ու գեղեցկացման հարցում մեր համաքաղաքացիների և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի հյուրերի մոտեցումներին: Առաջիկայում կամփոփվեն բոլոր երազանքները և կմշակվի հատուկ նախագիծ, որը կներկայացնի հավաքական այն երազանքը, որի իրագործման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-ընդգծել է  Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տեսնելով քաղաքացիների ոգևորությունը` Ազնավուրի հրապարակի եռաչափ նկարը թերևս միակը չի լինի Երևանում:

Աշխատանքը 5 օր շարունակ կատարվել է ծածկի տակ ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով: Նկարը եռաչափ պատկերով տեսնել հնարավոր է միայն նշված մեկ կետից: Լուսանկարվել ֆոնին երևանցիները կկարողանան դեռ մի քանի ամիս շարունակ:

«Քաղաքն օրեցօր ու հաճելիորեն կերպարանափոխվում է: Ու այս հարցում, անշուշտ, իր մեծ ներդրումն ունի անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դա ևս մեկ խթան է, որ մենք շարունակենք համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և փորձենք կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքի արտաքին տեսքի էլ ավելի գեղեցիկ ձևավորմանը»,- նշել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ «Երազանքների պատերին» և ֆեյսբուքյան էջին տեղ են գտել ավելի քան 4000 տարբեր երազանքներ ու ցանկություններ, որոնցից մոտ 800-ը եղել են 3D սթրիթ- արտի վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930