Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողին ծեծի ենթարկող դատախազին եւ նաեւ ծեծվող լրագրողին նույն մեղադրանքն է առաջադրվել

Հուլիս 07,2012 10:51 Share

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին ժամը 23-ի սահմաններում «առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՔԾ-ից:

«Քրեական գործով Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրդզելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար»,- հայտնեցին նրանք:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշում է կայացվել նաեւ Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

«Մեղադրյալներին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, եւ նրանք ծանոթանում են քրեական գործի նյութերին»,- ասացին նրանք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:

Ըստ գործակալության, ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել  Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրձելյանին, ով արդեն գտնվել է գետնին:

Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031