Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային միջավայրից օգտվելու դեպքում լրատվամիջոցի համար կարո՞ղ է առաջանալ հեղինակային իրավունքի խնդիր

Հուլիս 30,2012 17:07

«Եթե լրատվամիջոցն օգտագործում է որևէ հայտնի մարդու լուսանկարը, պետք է հաշվի առնի այդ մարդու վարքագիծը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին ասաց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների համար նորաձև է դարձել ֆեյսբուքում գրառված կարգավիճակներ կամ մեկնաբանություններ  հրապարակելը:

«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ «Ֆեյսբուք»-ում գրված կարգավիճակը նույնն է, ինչ փողոցում պլակատը ձեռքին կանգնելը,  «Ֆեյսբուք»-ն արդեն հանրային միջավայր է:

Իսկ ինչ է  կատարվում, երբ հանրային այս միջավայրից լրագրողը փորձում է որևէ լուսանկարի կամ տեքստի տեսքով տեղեկատվություն տարածել: Արդյոք հանրային միջավայրից օգտվելու դեպքում լրատվամիջոցի համար կարո՞ղ է առաջանալ հեղինակային իրավունքի խնդիր:

«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրենի խոսքով՝ եթե լրատվամիջոցն օգտագործում է ֆեյսբուքում տեղադրված որևէ հեղինակավոր անձի լուսանկարը, ապա այս պարագայում կարևոր է հաշվի առնել տվյալ անձի  վարքագիծը: Որպես ասվածի դասական օրինակ, Ա. Ղազարյանը նշում է «Մայքլ Դուգլասն ըննդեմ «Հասլեր» ամսագրի»  դատական գործը: «Դուգլասը դատի էր տվել ամսագրին այն հիմքով, որ էրոտիկ բնույթի այդ ամսագիրը հրապարակել էր Դուգլասի հարսանիքի լուսանկարներն առանց նրա թույլտվության: Ամսագիրը խախտել էր հեղինակային  իրավունքը, որը Դուգլասը տվել էր մեկ այլ ամսագրի: Դատարանը չբավարարեց այդ դիմումը, քանի որ հաշվի առավ Մայքլ Դուգլասի և նրա կնոջ վարքագիծը. բազմաթիվ փաստեր ցույց էին տալիս, որ այս մարդիկ ամեն ինչ անում էին` իրենց հարսանիքը հրապարակային դարձնելու համար»,- նշում է Արա Ղազարյանը:  Նրա խոսքով` Հայաստանում ևս, հատկապես շոու բիզնեսի ոլորտում ընդունված է հմտորեն, փոքր չափաքանակով պարբերաբար անձնական կյանքի մասին տեղեկություն շուկա նետելը:

Իրավաբանի  խոսքով` ֆեյսբուքն ունի հնարավորություններ, որոնցով կարգավորվում է` անձը ցանկանու՞մ է իր տվյալները հրապարակել, թե ոչ: «Եթե լրատվամիջոցը որոշել է օգտագործել այն հեղինակավոր անձի լուսանկարները, որի վարքագիծն ակնհայտ ցույց է տալիս, որ նա իր անձնական կյանքը հանրային դարձնելու միտում չի ունեցել, այսինքն օգտվել է «Ֆեյսբուք»-ի` անձնական տվյալները միայն ընկերներին ցույց տալու հնարավորությունից, ապա սա արդեն լրատվամիջոցին բերում է պատասխանատվության դաշտ»,- նշում է Ա. Ղազարյանը:  Իսկ եթե անձը դրսևորում է վարք, համաձայն որի՝ ակնհայտ է լինում, որ նա իր անձնական կյանքը հանրային դարձնելու միտում է ունեցել, ապա նրա պաշտպանության շրջանակները  նեղանում են, քանի որ «նա ինքն է իր տան դուռը բաց պահում, որպեսզի հանրությունը գա իր տուն»: Իսկ Եվրոպական դատարանը նշում է, որ եթե անձը դրսևորում է այնպիսի վարքագիծ, որով իր անձնական կյանքը հանրայնացնում է, ապա դատարանից լայն  պաշտպանություն չպետք է սպասի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031