Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար ստացել է զգալի չափերով գումարներ

Օգոստոս 22,2012 17:52

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվում է քրեական գործ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանի դեմ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը:

Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը, ըստ մեղադրանքի, նա անհատ ձեռնարկատեր Ա. Մարգարյանի, Ս. Սիմոնյանի և «Գոհար-20» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Համբարձումյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այն է՝ սննդի արտադրության, պահպանման, տեղափոխման, վերամշակման և իրացման փուլերում սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար, որպես ապօրինի վարձատրություն, ստացել է զգալի չափերով տարբեր գումարներ:

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողը միշտ նույն տեղում՝ Երևանի Մամիկոնյանց փողոցի 39ա շենքի դիմաց, պարբերաբար «Գոհար-20» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանից ստացել է ապօրինի վարձատրություն՝ 2009թ. ապրիլին, 2011թ. նոյեմբերին ու 2012թ. հուլիսի 26-ին՝ ամեն անգամ 150 հազարական ՀՀ դրամ:

Ըստ մեղադրանքի՝ հանրային ծառայողը 2010թ. փետրվարին Երևանի Բագրատունյաց 13 հասցեում գործող «Սոնա Տ» խմորեղենի արտադրամասում հրուշակագործ Ա. Միսկարյանի միջոցով, իսկ 2012թ. հուլիսին՝ «Սոնա Տ» խմորեղենի արտադրամաս-խանութում Ա. Սահակյանի միջոցով անհատ ձեռնարկատեր Ա. Մարգարյանից ստացել է համապատասխանաբար՝ 100 հազար և 90 հազար դրամ ապօրինի վարձատրություն: «Սոնա Տ» խմորեղենի արտադրամաս-խանութում, ըստ մեղադրանքի, հանրային ծառայողը ևս 90 հազար դրամ ապօրինի վարձատրություն է ստացել 2011թ. հունիսին՝ արդեն անմիջապես անհատ ձեռնարկատեր Ա. Մարգարյանից:

Նունե Ղարաբեկյանը մեղադրվում է նաև 2011թ. դեկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի 2 հասցեում գործող մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանից վերջինիս աշխատասենյակում 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասով նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանքի ձևով կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031