Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի թեկնածու. «Էտի անհնարին բան ա, քուր ջան»

Սեպտեմբեր 09,2012 20:44

Արմավիրի մարզի Մրգաստան համայնքում այսօր գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռաֆիկ Խաչատրյանը եւ նախկին գյուղապետ, դարձյալ ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Սերյոժա Կարապետյանը:

Նախընտրական պայքարն այստեղ թեեւ առանց աղմկահարույց միջադեպերի անցավ, սակայն, բավականին լարված մթնոլորտ էր: Այս թեկնածուները  հին մրցակիցներ են: Սերյոժա Կարապետյանը երկու անգամ արդեն եղել է գյուղապետ եւ նախորդ ընտրություններում բավականին դժվարությամբ, քաշքշուկներով ու կռվով զիջեց տեղը Ռաֆիկ Խաչատրյանին: Այդ օրվանից լարվածությունն այս անձանց միջեւ չի մարել:

Ի դեպ, Ռաֆիկ Խաչատրյանը գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալներից է, եւ միայն այդ էր պատճառը, որ նախորդ ընտրություններում առավելություն գրանցեց մրցակցի նկատմամբ: Քարոզարշավի վերջին օրը, սակայն, հավանաբար համբերությունը հատել էր, եւ գործող գյուղապետն, այնուհանդերձ, որոշել էր ապահովագրել իր հաղթանակը:

Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ նրա կողմնակիցները տնետուն ընկած ահաբեկում են այն ընտրողներին, ովքեր Սերյոժա Կարապետյանի ընտրողներն են: Իսկ գյուղական համայնքներում` խնամի-ծանոթ-բարեկամ կապը նկատի ունենալով` բարդ չէ յուրայիններին ճանաչել: «Վաղը հանկարծ ընտրության չգաք, չհամարձակվեք տեղամասում երեւալ, թե չէ ձեզ համար լավ չի լինի»,- ասպառնացել են Խաչատրյանի կողմնակիցները` Կարապետյանի պոտենցյալ ընտրողներին: Ի դեպ, այս մեթոդը խաչատրյանականները կիրառել էին նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ

«Էտի անհնարին բան ա, քուր ջան, մեր արած գործի համար ենք մենք պայքարում: Մեր ժողովուրդը նորմալ ժողովուրդ ա, ո՞նց կարա սենց բան ըլնի: Ընտրությունների օրը համեցեք` տեսեք, հարց չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ ասաց Ռաֆիկ Խաչատրյանը:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Մրգաստանում ընտրությունները հանդարտ եւ նորմալ են ընթացել` չհաշված ընտրատեղամասի մոտ հավաքված տեղացի հեղինակություններին եւ մեքենաների առատությունը: Մոտ 15 ընտանիքներ` մոտավորապես 50 ընտրողներ, սակայն, ընտրությունների չեն մասնակցել եւ պատճառը հենց նախօրեին Ռաֆիկ Խաչատրյանի կիրառած մեթոդն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930