Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշտարակ կաթը» գյուղացիներին միլիոններ է պարտք

Սեպտեմբեր 10,2012 17:40

Կաթնամթերք արտադրող «Աշտարակ կաթ» ընկերությունը մի քանի միլիոն դրամ է պարտք Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ 100 ընտանիքի:

Դեռեւս ամռանը այս համայնքի գյուղացիներից գնելով կաթ, ընկերությունը պարտավորվել է 15 օրը մեկ վճարում կատարել, սակայն ինչպես Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները, այդ 15 օրը դարձել է 2 ամիս:

Գյուղացիների պատմելով` «Առանց այն էլ կաթը էժան ենք վաճառում` 110-115 դրամ է 1 լիտրը, ու մեր ապրուստի միջոցը էդ կաթի վաճառքից ստացած փողն է, ու մեկ էլ, եթե անասուն ենք մորթում ու միսը վաճառում` դրանից ստացած փողը: 2 տարի է «Աշտարակ կաթը» ամիսներով ուշացնում է մեր փողերը: Ամառվա սկզբին խոստացել էր, որ բոլորի պարտքերը կմարի. ընդհանուր առմամբ մոտ 10 միլիոն պարտք ունի գյուղացիներին, բայց բերում է ու կամաց-կամաց փակում պարտքերը, ասենք 10 միլիոնի փոխարեն՝ 1-2 միլիոնով փակում»:

Պրիվոլնոյե համայնքի բնակիչները, մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ «Աշտարակ կաթի» այս մեթոդով վճարելն իրենց ամենեւին էլ ձեռնտու չէ քանի որ կաթը վաճառում են, ու սպասում են գումարին, որպեսզի իրենց տնտեսության ծախսերն անեն, սակայն գումարի ուշացման պատճառով չեն կարողանում ժամանակին այդ ծախսերը հոգալ. «Պարտք տվող էլ չկա, ամբողջ գյուղը կաթի փողի է սպասում»:

Գյուղացիներն այլեւս չեն ցանկանում կաթնամթերք արտադրող ընկերության հետ բանավոր պայմանավորվածությամբ աշխատել, նրանք որոշել են` մինչ կաթը հանձնելը ընկերությունից պահանջելու են գրավոր պայմանագիր կնքել. Այսպես են աշատելու նաեւ միս մթերող ընկերությունների հետ:

Գյուղացիների պարտքերը մարելու առնչությամբ «Աշտարակ կաթն» Aravot.am-ին հետեւյալ պարզաբանումը տվեց. «Ընկերության և կաթի մատակարարների հետ համագործակցության ընթացքում լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով մթերված կաթի դիմաց վճարումներն ուշանում են: Այս երեւույթը բնորոշ է հատկապես ամառային ամիսներին` սեզոնային ու ժամանակավոր բնույթ է կրում: Ամռանը կտրուկ նվազում է կաթնամթերքի սպառումը, իսկ դրան զուգահեռ կաթի մթերման ծավալներն անհամեմատ մեծանում են: Սա է հիմնական պատճառը, որ վճարումները փոքր-ինչ ուշանում են սովորական ժամանակացույցից:

Առաջիկայում, մոտ մեկ ամսվա ընթացքում, ամեն ինչ կկարգավորվի, և մթերված կաթի դիմաց վճարումների գործընթացը կընթանա իր սովորական ու բնականոն հունով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930