Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանցել ենք փայլուն արդյունքներ»․ Փաշինյանի ներկայությամբ ու ընդդիմության բացակայությամբ ԱԺ-ն քննարկում է բյուջեի կատարողականը

Հունիս 16,2026 10:55 Share

Ազգային ժողովի հերթական նստաշրջանում քննարկվում է 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցը։ Ներկա է նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ քաղաքացին իր վստահության քվեն տալով ՔՊ-ին՝ փաստացի հաստատեց, որ այս եւ նախորդ հաշվետվություններում տեղ գտած թվերն ու ցուցանիշները հաջողությունների արձանագրումներն ու գրանցած արդյունքները խիստ իրական են եւ շոշափելի կեպով վերաբերում են իրական Հայաստանում ապրող իրական հնարավորություններ ունեցող յուրաքանչյուրին»,- բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ֆինասների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա հավելեց․ «Մեր քաղաքացիներն իրենց վստահության քվեով հաստատեցին, որ իրենց կողմից վճարված հարկերի դիմաց ստացել եւ ստանում են իրական ծառայություններ, հաստատեցին, որ կյանքի որակի դրական փոփոխությունն արձանագրված է։ Հաստատեցին, որ բարեկարգվում են ճանապարհներն ու համայնքները, ընդլայնվում են տնտեսական հնարավորությունները, ամրագրվում են առաջընթաց փոփոխություններ»։

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ նախարարն ասաց, որ չնայած տարատեսակ ցնցումներին, որոնց ենթարկվեց մեր երկիրը նախորդ տարիներին, կառավարությունը կարողացել է բյուջեի դեֆիցիտը պահպանել միջինում 3,2 տոկոսի մակարդակում։ «Սա հնարավորություն տվեց մեզ կառավարության պարտքը կտրուկ նվազեցնել՝ 60,2 տոկոսից հասցնելով 47,2 տոկոսի, որով զսպել ենք տոկոսային ծախսերի աճը եւ ստեղծել ենք բավարար տարածք՝ հետագա կտրուկ ցնցումներին դիմակայելու համար»,- ասաց նա։

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ կառավարության համար առաջնահերթ է պարտքի բեռը պահպանել 50 տոկոսից ներքեւ շրջանակներում․ «Ավելին, առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքեւ մակարդակի, ինչը հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12,1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի՝ սրանով ավելի մեծ տարածք ստեղծելով սոցիալական եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունների համար»։

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հարկերը կամավոր կերպով վճարելու մշակույթը երկրում զարգացել է․ «ՀՀ քաղաքացիներն այլեւս վստահ են, որ իրենց կողմից վճարված հարկերն ուղղվում են իրենց մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ու լավարկմանը»։

«Անցյալ 5 տարիների թռիչքային տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ։ Հատկանշականն այն է,որ 2025 թվականին աշխատավարձերի եւ վարձու աշխատողների աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ 2025 թվականին միջին ամսականն աշխատավարձն աճել է 5,6 տոկոսով՝ կազմելով 303 140 դրամ»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով աղքատության ցուցանիշին՝ նախարարը նշեց, որ 2024 թվականին աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0,5 տոկոսային կետով։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4,8 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0,9 տոկոսով։ «Ըստ այդմ՝ ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության, անհավասարության նվազման միտումները կկրեն շարունակական բնույթ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ամփոփելով 2025 թվականի բյուջեի կատարման զեկույցը՝ ես կարող եմ վստահությամբ ասել, որ գրանցել ենք նշանակալի առաջընթաց, փայլուն արդյունքներ եւ հասել որակական նոր մակարդակի։ Կրկնապատկվել է մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն, ընդլայնվել են հնարավորությունները եւ ամրապնդվել զարգացման հիմքերը»,- հայտարարեց ֆինանսների նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930