Համաշխարհային բանկը 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 5,3 տոկոսի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի նոր զեկույցը։
«Այս աճն իր մեջ ընդգրկում է նաեւ Միջին Արեւելքում կոնֆլիկտի որոշ չափավոր ազդեցությունը։ Բայց դա չափավոր է, ինչպես տեսնում ենք, մինչեւ հիմա էլ մեծ ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա»,- ասաց նա։
Տնտեսական աճի վերաբերյալ հաջորդ կանխեսումը ՀԲ-ն կիրականացնի հոկտեմբեր ամսին՝ նկատի ունենալով վերջին զարգացումները։
Կարդացեք նաև
Կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն կունենան նաեւ հայ-ռուսական հարաբերությունները։ «Տնտեսական աճի համար հնարավոր բացասական ռիսկեր են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության աճը, որը կարող է ազդել ոչ միայն առեւտրի, այլ նաեւ սոցիալական հարցերի եւ տնտեսության մյուս ճյուղերի վրա։ Իսկ հնարավոր դրական ռիսկերն են հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում ավելի խորը փոխկապակցվածությունը եւ նաեւ նոր ռազմավարական ներդրումների հանձնառությունները ԱՄՆ եւ ԵՄ կողմից, որոնք կարող են ստեղծել լավ ներդրումային միջավայր»,- նշեց նա։
Նախորդ տարի Հայաստանում գրանցվել է 7,1 տոկոս տնտեսական աճ։ Արմինե Մանուկյանի խոսքով՝ 2027-ի համար ՀԲ-ն կանխատեսում է 5,1, իսկ 2028-ի համար՝ 5 տոկոս տնտեսական աճ։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Հայաստանի պարտքին՝ Արմինե Մանուկյանն ասաց, որ այս տարվա հինգերորդ ամսվա վերջին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 41,3 տոկոս է կազմել։ «Բայց մենք կանխատեսում ենք, որ այս ցուցանիշը երկրորդ կիսամյակում կբարձրանա եւ կկազմի մոտ 50 տոկոս»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































