
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ են գլխավոր դատախազի միջնորդագրին: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու խորհրդարանում՝ Վարդան Օսկանյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդության քվեարկությանը: «Այսօրվա միջնորդագիրը նախընտրական է, քաղաքական է, քարոզչական է, համեմատության մեջ՝ անհիմն է: Կամ բոլորը պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ՝ ոչ մեկը: Այսօրվա եւ բոլոր նախագահները եւ իրենց աշխատակազմերը, այսօրվա եւ բոլոր վարչապետները եւ իրենց աշխատակազմերը ու նախարարները, այսօրվա եւ բոլոր ԱԺ նախագահները եւ պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ ոչ մեկը: Օրենքի իշխանությունն ընտրովի իրավունք չունի լինել»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա գտնում է, որ Օսկանյանը եւ մնացյալ բոլորը պետք է պատասխանեն իրենց չարաշահումների, իրենց «հետագծի» համար. «Եթե ինքն իր վարքով զրկել է մեր պետությունն ու բյուջեն հասանելի գումարից, ինքը թող հատուցի այդ մեղքը վարչական քննությամբ: Մի հատ նայեք, թե ովքե՞ր են ԱԺ-ն, պատգամավորների մի մասը գոնե եւ ինչպե՞ս եկան ներկայացնելու մեր ազգը: Եթե պարտք է, թող Օսկանյանը տա այդ պարտքը, պատասխան տա իրավական, բարոյական առումներով, բայց մեկնումեկը թող պատասխան տա իր ամբողջ տեղեկատվական բազայով, միայն այս վերջին ընտրություններով. այն հարյուր միլիոնավոր դոլարները՝ հակասահմանադրական, ժողովրդին մեղսակից դարձնելով՝ ո՞վ բաժանեց, ո՞վ հրահանգեց, ո՞ր կուսակցապետերից, ո՞ր շտաբի պետերն էին, ո՞ր պաշտոնյաներն էին»: Ու քանի դեռ այս հարցերի պատասխանները չեն հնչել, Հովհաննիսյանի համար խիստ հարաբերական է որեւէ գործչի, այդ թվում նաեւ Օսկանյանի, ընդդիմադիր լինելը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































