Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը՝ Խաչիկյանի ու Օսկանյանի մասին. «Ի՞նչ, անի ու պատասխան չտա՞»

Հոկտեմբեր 01,2012 23:57

Վարդան Օսկանյանի բացատրությունները Ձեզ մտքափոխ չարեցի՞ն: Aravot.amի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանեց. «Բոլոր տեսակի գնահատականները ոչինչ են, եթե չի ներկայացվում փաստի եղելությունը կամ դրա բացակայությունը: Պարոն Օսկանյանը չներկայացրեց փաստի եղելությունը կամ բացակայությունը»: Մեր դիտարկմանը, որ նա բոլոր հարցերին պատասխանեց՝ Մանվել Բադեյանը հակառակը պնդեց. «Ոչ: Իմ հարցին չպատասխանեց: Գլխավոր դատախազն իրավունք չուներ բացահայտել բանկային գաղտնիքը, բայց Օսկանյանն իրավունք ուներ բացահայտել: Թող բացահայտեր՝ ի՞նչ ուղղությամբ է ծախսվել այդ փողերը, այդ 181 հազարը, որ իբրեւ մեղադրանք ներկայացնում են: Չներկայացրեց, իմ  հարցին նա չպատասխանեց: Մնացած բոլորը գնահատականներ են՝ քաղաքական, բարոյական: Ինձ համար ամենակարեւորը՝ փաստը տեղի՞  է ունեցել, թե՞ չէ: Մնացածը՝ հեչ»:

Մեր հարցին՝ 10 տարի աշխատած արտգործնախարարի հետ նորմա՞լ է, որ այսպես են վարվում, տեղին չէ՞ր Օսկանյանի վիրավորանքը՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ինչ խոսք, շատ ցավալի է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, այն էլ՝ երեւացող պաշտոնյա, ներքաշված է լինում այսպիսի հարցերի մեջ: Դա, իհարկե, լավ բան չի : Բայց լավ բան չի ոչ թե այդ փաստերը բացահայտելը, այլ՝ բուն փաստն անելը»: Մենք ճշտեցինք՝ այսինքն Օսկանյանը թող չաներ՝ պատասխան չտա՞ր՝ պարոն Բադեյանը պատասխանեց. «Հա: Ի՞նչ, անի ու պատասխան չտա՞»: Մեր դիտարկմանը, որ շատերն են անում, բա ինչի՞ պատասխան չեն տալիս՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դա ուրիշ հարց է, բոլորը պիտի տան: Նախագահն ասում է՝անձեռնմխելի մարդիկ չկան»:

Նախագահը մեկ այլ բան էլ էր ասում, ասում էր՝ «պիտի բռնեք մեծերից», բայց գնաց Խաչիկյանին բռնեց: Մեր այս դիտարկմանը պարոն Բադեյանը պատասխանեց, որ բոլոր գերատեսչություններում այս օրերին ստուգումներ են ընթանում. «Բոլոր պաշտոնյաները հաշվետու են՝ խաղի մեջ ընդունված օրենքներով: Եվ եւս մեկ ապացույց եղավ, որ կուսակցական պատկանելությունը նշանակություն չունի: Խաչիկյանը ՀՀԿ-ից է, նա կալանավորված է արդեն իսկ»:

Իսկ այն կարծիքներին, որ ՀՀԿ-ն Խաչիկյանին զոհ տվեց, քավության նոխազն էր նա՝ պարոն Բադեյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ կարեւոր է՝ ինչ նպատակներով ինչ անես: Փաստը կա: Այդ մարդն արել է կամ չի արել՝ վերջ: Մեկը կարող է ասել՝ բոյով եմ, դրա համար արեցին, մյուսը կարող է ասել՝ կապույտ աչք ունեմ՝ դրա համար արեցին, մյուսը կարող է ասել ես այլ քաղաքական հայացքներ ունեմ, դրա համար արեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031