Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը պահանջում է արդարացնել գնդապետին

Հոկտեմբեր 17,2012 22:13

Իջեւանի զորամասի նախկին հրամանատար,գնդապետ  Սերգեյ Կարապետյանի եւ այդ զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանը  հոկտեմբերի 16-ի նիստում հնչեցրած իր պաշտպանական ճառում դատարանին միջնորդել  է արդարացնել իր պաշտպանյալներին:  Նշենք, որ  հոկտեմբերի 5-ի նիստում  գործով մեղադրող  Ներսես Միսակյանը  մեղադրական ճառում դատարանից պահանջել է   Սերգեյ Կարապետյանին  դատապարտել 14,  Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: «Իրավունք» թերթի հոկտեմբերի 12-ի համարում տպագրվել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված պաշտպան Մամիկոն Թորոսյանի բաց նամակը: Այնտեղ  պաշտպանը  խնդրում է նախագահի միջամտությունն իր խոսքերով՝ օրինական, արդարացի վճիռ կայացնելու համար:

Այս  քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց  ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Այնտեղ տղաները ծեծվել եւ  ահաբեկվել են, ահաբեկված երիտասարդները  ցատկել են երկրորդ հարկում գտնվող Կարապետյանի աշխատասենյակի պատուհանից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է: Այս գործով ամբաստանյալների վերջին խոսքը կհնչի  հոկտեմբերի 31-ի նիստում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031