Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեզմանոցն ընդդեմ զբոսաշրջության

Հոկտեմբեր 27,2012 14:50

Օտար մարդու հանդիպելիս ինքներս մեզ գովում ենք, հպարտանում մեր անցյալի տխուր կամ հերոսական պատմությամբ, հինավուրց հուշարձաններով, վանք ու եկեղեցիներով, գեղատեսիլ բնությամբ: Բայց դա դեռ չի նպաստում, որ Հայաստանը զբոսաշրջության տեսանկյունից ավելի հետաքրքիր ու գրավիչ դառնա աշխարհին: Ես ամենեւին չեմ ընդունում զբոսաշրջության մասին վիճակագրական տվյալները, քանի որ դրանք ուռճացված են եւ նպատակ ունեն բարձրաստիճան այրերի մոտ պատրանք ստեղծել, թե իբր իրենք լավ են աշխատում եւ իրենց հսկողության ոլորտում առաջընթաց կա: Իրենց հարազատներին այցի եկած արտագնա աշխատանքի մեկնածներին զբոսաշրջիկների թվի մեջ խառնելը եւս բացասական երեւույթ է: Իսկ մենք ճշմարիտ պատկերը պետք է տեսնենք, որ ճիշտ որոշումներ կայացնենք: Երբ կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ճյուղ հայտարարեց, ես հասկացա, որ պետական այրերը թյուրիմացության մեջ են ու լավ չեն պատկերացնում այս բնագավառի բարդությունը: Մի՞թե նրանք չգիտեն, որ զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք է զարգացած տնտեսություն, լավագույն ճանապարհներ, բարձրակարգ հյուրանոցների ցանց ունենալ: Իսկ սպասարկման կուլտուրա՞ն, որն անհամեմատ ցածր է ժամանակակից պահանջարկից: Նույնիսկ եթե Եղեգնաձորի եզակի քարանձավներն էլ մատչելի դարձվեն զբոսաշրջության համար, համապատասխան սպասարկման բացակայությունը ի չիք կդարձնի ամենը: Իսկ ամենակարեւորը՝ չենք սովորել միտք, մտահղացում գնահատելը, որը ամենաթանկ բանն է ու ցանկացած երկրի զարգացման հիմքը: Ու դարերի ընթացքում մեր անհաջողությունների, կորուստների հիմնական պատճառը միտքը որպես արժեք չգնահատելն է, իմաստուններին արհամարհելը: Պետական այրերից ի՞նչ է պահանջվում. գնահատել գաղափարակիրներին, զանազանել նրանց շողոքորթ կարիերիստներից, ճարպիկ խաբեբաներից, կանաչ ճանապարհ բացել գաղափարի համար:

Մի անգամ Հայաստան եկած զբոսաշրջիկը երկրորդ անգամ մեր երկիր չի ուզում գա: Չխաբվենք ինքներս մեզ գովերգելով: Արձանագրենք, որ զբոսաշրջության բնագավառում զգալի ետ ենք մնում մեր հարեւան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից…

Զբոսաշրջության զարգացման համար ես մի հետաքրքիր առաջարկություն էի մտածել, սակայն որոշեցի մի անգամ էլ այցելեմ Հին Գորիսի այրերը: Այսօր երիտասարդության համար ավելի գրավիչ է էքստրեմալ զբոսաշրջությունը: Եթե դրան գումարվում է քարանձավային հյուրատուն-կացարանը, ապա այն դառնում է ոչ միայն գրավիչ, այլեւ երկրի մասշտաբով բիզնեսի զարգացման լավագույն ճյուղերից մեկը: Սյունիքում բազմաթիվ տեղերում հազարամյակների ընթացքում անձրեւները, քշելով հողը, առաջացրել են հողի ու ապարների խառնուրդով ուրույն եւ բազմաձեւ հարյուրավոր սյուներ, որոնց մեջ մարդիկ տասնյակ դարեր առաջ փորել են, ապաստարաններ ու կացարաններ ստեղծել: Հենց այդ պատճառով էլ երկրամասը Սյունիք՝ սյուների երկիր են անվանել, քանի որ դրանք մարդկանց փրկել են նվաճողներից, գիշատիչներից: Մտածում էի, որ Զանգեզուրի սյուներում հազարամյա քարայր-կացարանները, որոնք 60-70 տարի առաջ են լքվել մարդկանց կողմից, կարելի է զբոսաշրջիկների համար կացարանների վերածել՝ բարձրակարգ սպասարկումով, էքստրեմալ արշավներով, այլ միջոցառումներով: Այս տեսանկյունից շատ գրավիչ կլիներ Գորիս քաղաքի հին թաղամասը, որի սյուները ձգվում են բարձունքներն ի վեր: Նման հնարավորություն ունեն նաեւ զանգեզուրյան Ծնածախ, Խոզնավար, Խնձորեսկ գյուղերի սյունապատ թաղամասերը:

Ու ես համոզված էի, որ հազարավոր զանգեզուրցիներ, ու նաեւ մարզի ղեկավարներ, քաղաքապետեր մտածել են այս մասին ու փայփայում են մի երազանք. այն իրականություն դառնա:

Հեռվից տեսա Հին Գորիսը, բնության ստեղծած ամենաֆանտաստիկ ձեւերի սյուն-կացարանները: Արդեն պատկերացնում էի մի քանի տարի հետո զբոսաշրջության ամենագրավիչ կենտրոններից մեկը: Սակայն քանի մոտենում եմ, ինչ-որ վախ է համակում ինձ: Վախենում եմ փլուզվի երազանքս: Սկզբում դիմավորում են գերեզմանները, ավելի շուտ՝ գերեզմանների մետաղյա պատնեշները: Երեւի դրանք կավարտվեն, ու կսկսվի Հին Գորիսը: Բայց ոչ: Գերեզմանները քայլ առ քայլ, գերեզման առ գերեզման սյուների արանքներով սողում են դեպի վեր, գրավելով նորանոր տարածքներ: Մի տեղ քարայր-բնակարանի դիմաց հարթակը վերածվել էր տոհմական գերեզմանատան, իսկ քարայրը՝ փոքրիկ սեղանատան: Տարածքը ամբողջովին ճաղապատվել էր:

Իհարկե, ոչ մի զբոսաշրջիկ չի գա գերեզմանոցում գիշերի…

Ես չգիտեմ, քաղաքի կամ մարզպետարանի պատասխանատու անձինք չե՞ն պատկերացնում, թե Հին Գորիսը գերեզմանատան վերածելով՝ ինչ հնարավորություն են խլում ապագա սերունդներից: Իսկ զբոսաշրջությունը ոչ միայն բիզնես է, այլ նաեւ քաղաքականություն, երկրի իմիջի բարձրացում: Հանրապետության զբոսաշրջության պատասխանատուները, կամ թե այն մարդիկ, որոնք զբոսաշրջությունը երկրում գերակա ճյուղ են հայտարարել, հաշվի չե՞ն առել գորիսյան այս առեղծվածը: Ի՞նչ է, Գորիսի շրջապատում գերեզմանոցի համար այլ տե՞ղ չկա:

Իրենք՝ Գորիսի բնակիչները պարտավոր են գիտակցել, թե Հին Գորիսը գերեզմանատան վերածելով՝ զբոսաշրջության համաշխարհային կենտրոն դառնալու ինչ հնարավորություն են կորցնում: Պետք է առաջին հերթին այս տարածքները արգելոցների վերածել ու դադարեցնել այս գործընթացը: Ապա պետք է գերեզմանոցը տեղափոխել այլ վայր եւ մշակել Հին Գորիսը տուրիստական կենտրոն դարձնելու համալիր ծրագիրը: Նմանօրինակ վայր կա այսօրվա Թուրքիայում: Պատմական Կապադովկիայի Նեմրութ լեռան փեշերին քրիստոնյա ճգնավորների տասնյակ քարայր-խոռոչները աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկներին ձգող հյուրասենյակների են վերածվել: Կարելի է նրանց փորձը ընդօրինակել: Բայց, հավատացնում եմ՝ Սյունյաց աշխարհի անձավ-կացարանները այս տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր են: Այս տարածքը, ինչպես եւ Սյունիքի մյուս նմանատիպ հուշարձանները անհրաժեշտ է արգելոցի կարգավիճակ տալ եւ համապատասխան նախագծեր մշակել:

Ինչ վերաբերում է երկրի զբոսաշրջության բրենդին, կարծում եմ, որ Սյունիքի բնական սյուն-բնակարանները ամենահարմարն են:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031