Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հարսը վառել է սկեսրայրի սեռական օրգանները

Հոկտեմբեր 31,2012 13:21

Սա ընտանեկան բռնությունների պատմություններից մեկն է

«Ես եւ 2 եղբայրներս հաճախ էինք ականատես լինում մորս եւ նրա սիրեկանի սեռական հարաբերություններին. բոլորս նույն սենյակում էինք քնում: Նրանց համար նշանակություն էլ չուներ՝ քնած էինք, թե արթուն: Վաղ հասակում, հորս մահից հետո, մենք ստիպված էինք ապրել մորս սիրեկանի հետ, որին մայրս մեր տուն էր բերել: Նա մորս ներկայությամբ անընդհատ նվաստացնում եւ ծեծում էր մեզ: Մայրս ոչ էլ պաշտպանում էր մեզ ու անտարբերությամբ էր լսում եղբորս, երբ նա լացակումած պատմում էր, թե ինչպես էր այդ մարդը սիգարետով այրել նրա ձեռքը, քանի որ եղբայրս հրաժարվել էր նրա հերթական քմահաճույքը կատարել»,- սա պատմել է շիրակցի 16-ամյա աղջիկը: Նրա խոսքերով՝ եղբայրներն այդ ամենը չհանդուրժելով՝ տանից փախել են, մեկն օրերով թափառել է փողոցներում, արդյունքում անչափահասին խուլիգանության համար ձերբակալել են, իսկ մյուս եղբայրը հայրական պապի մոտ է ապաստան գտել: «Մեր ընտանիքը քայքայելուց հետո մորս սիրեկանը լքեց նրան եւ մեկնեց արտերկիր, իսկ մայրս հղի էր»,- «Կանանց իրավունքների կենտրոնի» (ԿԻԿ) մասնագետներին պատմել է 16-ամյա աղջիկը:

Նման պատմություններ որքան ուզես՝ կլսես այս կենտրոնում, որտեղ դիմում են ընտանեկան տարբեր տեսակի բռնությունների ենթարկված մարդիկ: Պատմությունները շատ չեն տարբերվում միմյանցից. այս կենտրոն դիմած բոլոր քաղաքացիներն էլ բռնության ենթարկված՝ ծեծված, բռնաբարված ու ստորացված են: Նշենք, որ ԿԻԿ-ը բռնության ենթարկված մարդկանց անունները չի հրապարակում, ուստի մեր հրապարակման մեջ էլ անուններ չենք նշում:

Վանաձորից մեկ այլ երիտասարդ կնոջ պատմելով էլ՝ ծանոթացել է մի տղամարդու հետ եւ նրա դրդմամբ սեռական հարաբերություն ունեցել, որպեսզի ապացուցի իր կույս լինելը, իսկ տղամարդն, ըստ երիտասարդ կնոջ, մինչ այդ խոստացել էր ամուսնանալ նրա հետ: Սակայն խոստումը դրժել էր՝ պատճառաբանելով, որ անբարոյականի աղջիկ է. «Մայրս երիտասարդ հասակում զրկվել էր ամուսնուց եւ կապնվել մի տղամարդու հետ, որն ընտանիք ուներ: Բոլորն էլ գիտեին այդ մասին: Երբ ծանոթացա իմ ընտրյալի հետ, ամեն ինչ կարծես լավ էր, բայց հետո…»: Իսկ հետո 25-ամյա այս կինը փորձել է ոստիկանություն դիմել, բայց նրա «ընտրյալը» սպառնացել է ու համոզել իր հետ մնալ ու ստիպել անել այն ամենը, ինչ նա կամենում է. «Դրանից հետո նա ինձ ծեծեց, ստիպեց համբուրեմ իր կեղտոտ ոտքերը, բռնաբարեց: Ես վախենում էի որեւէ մեկին պատմել այդ մասին, քանի որ ինձ կմեղադրեին, կասեին՝ մորս աղջիկն եմ: Իսկ երբ ասացի, որ ուզում եմ հեռանալ նրանից, ասաց՝ «Հա, կթողնեմ քեզ, բայց վրեդ նշան կթողնեմ, որ բոլորն իմանան, թե ով ես եղել, ու վառած ծխախոտով այրեց մարմինս: Ինձ ցավ պատճառելուց նա մեծ բավականություն էր ստանում, անընդհատ սպառնում էր ինձ ու ասում, որ իմ նմանի հետ չեն ամուսնանում: Հիմա վախենում եմ, որ ամբողջ կյանքում չեմ կարողանա ազատվել նրանից»:

Արդեն 10 տարի ամուսնալուծված գյումրեցի մեկ այլ կին էլ իր որդու հետ ամեն օր ապրում է ահ ու սարսափի մեջ. որքան էլ բնակության վայրը փոխում է, միեւնույն է՝ հարբեցող ու թմրամոլ նախկին ամուսինը գտնում է նրանց: Տիկնոջ պատմելով՝ ամուսնության առաջին 2 տարին շատ երջանիկ է ապրել ամուսնու եւ երեխայի հետ, սակայն երբ ամուսինը սկսել է թմրադեղեր օգտագործել, հարբեցողությամբ զբաղվել, ամեն ինչ տակնուվրա է եղել. «Մի անգամ, երբ 2 տարեկան երեխայիս ներկայությամբ ամուսինս հարբած ինձ գազանաբար ծեծեց, երեխաս դրանից ցնցումների մեջ ընկավ: Երեխային այդ վիճակում տեսնելով՝ ամուսինս սթափվեց, ու փոքրիկին հիվանդանոց տարանք: Բժիշկները մի կերպ նրա կյանքը փրկեցին, սակայն այդ դեպքն իր հետեւանքները թողեց. մի քանի տարի հետո տղայիս մոտ արյան քաղցկեղ հայտնաբերեցին: Բաժանվել եմ ամուսնուցուս, բայց ոչ մի օր հանգիստ չի թողնում մեզ. հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ նորից գտնում է մեզ ու ինչ ասես, որ չի կատարվում: Բազմիցս դիմել եմ ոստիկանություն, բայց ապարդյուն»:

Տավուշի մարզի գյուղերից մեկում էլ հարսն այրել է սկեսրայրի սեռական օրգանը: ԿԻԿ-ին հարսը պատմել է, որ սկեսրայրը պարբերաբար հետապնդել է նրան, նա էլ ամուսնուն տեղյակ չի պահել այդ մասին, որպեսզի տանը կռիվ չընկնի: Մի օր էլ, երբ հարսն արդուկ անելիս է եղել, սկեսրայրը մոտեցել է հարսին, գրկել ու փորձել բռնաբարել, իսկ հարսն էլ տաք արդուկով պաշտպանվել է եւ այրել սկեսրայրի սեռական օրգանները:

58-ամյա մի կնոջ պատմելով էլ՝ ամուսնու մահվանից հետո ծանոթացել է մի տղամարդու հետ, որն էլ հաճախ այցելել է նրան եւ գիշերել նրա տանը: Կնոջ մեծ որդին չի հանդուրժել մոր ընկերոջ ներկայությունը, քանի որ շատ կոպիտ է վարվել երեխաների հետ. «Երբ նա գալիս էր, մեծ տղաս դուռը չէր բացում, նա էլ ձեռքի ընկածը նետում էր տղայիս վրա: Ընկերս էլ ափերից դուրս էր գալիս, բայց իմ ներկայությամբ ոչինչ չէր անում»: Մի օր էլ, երբ երեխաների մայրը տանը չի եղել, տղամարդը տան լոգարանում դաժանաբար ծեծել է 4-րդ դասարանի երեխային ու խեղդամահ արել: Այս ամենը, տիկնոջ պատմելով, տեղի է ունեցել փոքր տղայի ներկայությամբ. «Ընկերոջս բռնեցին, 15 տարի տվեցին, բայց փոքր տղաս այդ ամբողջ տարիներին ապրել է վրեժխնդրությամբ»: Կալանավայրից դուրս գալուց հետո տիկնոջ փոքր որդին սպանել է իր եղբորը սպանողին. «Հետո որդիս համաներմամբ ազատվեց ու ամուսնացավ, հիմա հրաշալի թոռներ ունեմ»:

Ծանոթանալով հարյուրից ավելի պատմություններին՝ պետք է նշել, որ միշտ չէ, որ բռնություն գործադրողը հենց տղամարդն է, շատ են դեպքերը, երբ ընտանիքում բռնարարը սկեսուրն է, կամ թոռները՝ տատիկի նկատմամբ, կան դեպքեր էլ, երբ եղբայրը քրոջն է բռնության ենթարկում՝ ծեծում ու ստորացնում:

Իսկ ընտանեկան բռնության առաջնային պատճառներից են, ըստ «Կանանց իրավունքների կենտրոնի» հարցումների, թմրադեղերն ու ալկոհոլը:

Հայաստանի 10 կանանցից 9-ը կարծում են, որ աղքատությունը բարձրացնում է ընտանեկան բռնության հավանականությունը: Հարցման արդյունքներով՝ 10 կանանցից 6-ը կարծում է, որ «լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն նույնիսկ համաձայն չլինելու դեպքում»: Հայաստանի կանանց մոտ 2/3-ը կարծում է, որ ոչ հավատարիմ լինելն արդարացնում է ֆիզիկական ուժի գործադրումը կանանց նկատմամբ:

Նույն հարցման տվյալներով՝ ընտանիքներում հոգեբանական ճնշման միջադեպերի 74%-ը բռնարար ամուսիններն են, իսկ 28%-ը՝ սկեսուրները: Ընդ որում, Հայաստանի 10 կանանցից 9-ը կարծում է, որ ընտանեկան բռնությունն ավելի լավ է լուծել տան ներսում, քան դիմել ոստիկանություն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031