Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղիղ եթերում հայտարարել է. «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա:
Բայց, սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել: Ի՞նչ է պետք անել: Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին՝ հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել:
Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով. «Չենք հանդուրժում այլևս»: Կարճ, կոնկրետ:
Սիրելի կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից: Խնդրում եմ՝ իրար դեմ մի՛ պայքարեք, իմ դեմ մի՛ պայքարեք, խնդրում եմ՝ իրար մի՛ հարվածեք, եւ ինձ էլ մի՛ հարվածեք՝ այս հարցում մի՛ հարվածեք:
Կարդացեք նաև
Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը՝ թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր, կործանի ճակատագրեր: Բոլորով միասին բարձր ասենք՝ չենք հանդուրժում այլևս, կարճ, կոնկրետ:


















































