Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Գագիկ Ծառուկյանը դուխ կունենա՞ նախագահական ընտրություններում իրեն առաջադրել»

Նոյեմբեր 10,2012 13:43

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատականներով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար ավելի շահավետ կլինի նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ՀՀԿ կապերի կամուրջը կա Հովիկ Աբրահամյանի միջոցով: Նա երկու կողմերի հետ էլ ունի անձնական , կուսակցական կապեր, կարող է լինել քաղաքական առեւտուր: Չեմ պատկերացնում, որ Ծառուկյանն իր 30 տոկոս ձայներով աջակցի Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիմա, հարցն այն է՝ դուխ կունենա՞ Ծառուկյանն իրեն առաջադրի, թե՞ չի ունենա: Այսօր խարիզմա ձեռք բերելը բավականին բարդ է, կարող է Օսկանյանը խարիզմա ձեռք բերի ու դառնա տառապյալ կամ հալածված քաղաքական գործիչ: Դրա համար ավելի շահավետ է գործող նախագահին սատարելը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքերով, ինչպես ԱԺ ընտրություններին, հիմա էլ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ հաղթելու է .«Թեպետ նրա վարկանիշը երբեք 10 տոկոսը չի անցել, հիմա էլ նրա ձայները տատանվում են 14 տոկոսի շրջակայքում, 10 տոկոսն իր ձայներն են, 4 տոկոսը հնարավոր է ընդդիմադիր զանգվածից գա, եթե ինքը լինի միասնական թեկնածու»:

Սոցիոլոգի հարցումները ՀՅԴ-ի վերաբերյալ ցույց են տվել, որ այս քաղաքական ուժին չի հաջողվի իր ծրագրի շուրջ համախմբել այլ քաղաքական ուժերի.«Եթե Դաշնակցության ծրագիրը համեմատենք ՀԱԿ-ի կարգախոսների հետ՝ իշխանությունը ավազակապետություն է ,որը իշխանությունը բռնի կերպով ձեռքում պահում է, պարզ է, որ ՀՅԴ-ի ավելի օբյեկտիվ, բարեկիրթ լեզվով գրված ծրագիրը ՀԱԿ-ի ոչ մի կարգախոսի հետ չի կարելի համեմատել: Ուրեմն արդեն պարզ է, որ ՀԱԿ-ը դուրս է մնում ծրագրին աջակցելու առումով: ԲՀԿ-ն էլ արտաքին քաղաքականության մասին հիմնականում լռում է, այսինքն ԲՀԿ-ն էլ է դուրս մնում աջակիցների շարքից: Ստացվում է, որ ՀՅԴ-ն կմնա միայնակ շատ գեղեցիկ օպերային պարտիայով: Դրամատիկ ներկայացում չի լինի, կերգեն ու դրանով կբավարարվեն»:

Պարոն Ադիբեկյանի գնահատմամբ, գործող նախագահն առաջին դիրքում է, ակտիվ քայլերի է դիմում. «Հրահանգներ է տալիս հետաքննություն կազմակերպել եւ այլն: Եթե դա աներ նախորդ երեք տարվա ընթացքում՝ կունենայինք շատ տաղանդավոր նախագահ: Վերջին փուլում նրա ակտիվացումը ընտրողների մի մասի մեջ հույս կառաջացնի, որ նա կարող է շարունակել նման ակտիվ գործողությունները վերընտրվելու դեպքում»:

Նա նաեւ հավելեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա պահպանել իր այս նոտան, կհավակնի 3-րդ տեղի համար, իսկ ինտրիգի կենտրոնում կմնա ԲՀԿ-ն.«Ով որ պոկեր է խաղացել, գիտի ջոկերի արժեքը: Ջոկերը ցանկացած պահին դառնում է ցանկացած խաղաքարտը: ԲՀԿ-ն կարող է վերադառնալ կոալիցիա, կարող է առանձին թեկնածուով հանդես գալ, կարող է աջակցել ինչ-որ մի թեկնածուի: Երեք տարբերակների հավանականությունն էլ պահպանվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930