Երեկ, 2013 թվականի պետական բյուջեի քննարկման եւ կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ, կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն իր «պլանշետով» մի քանի ժամ զվարճանում էր Ինտերնետում եւ այնտեղ գտած, իր կարծիքով, հետաքրքիր տեսահոլովակները բուռն քննարկում կառավարության այլ անդամների հետ։ Երեւի հիշում եք, որ 2012-ի բյուջեի քննարկման ժամանակ էլ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էր շարիկ գլորում «պլանշետով»։
Երեկ մեր թղթակիցը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր ղեկավարած կառավարության անդամը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման եւ կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլեկտրոնային սարթով համացանցում ժամանակ է անցկացնում։ «Իսկ Դուք հանրության տեսակետն ունե՞ք այդ հարցի շուրջ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում»,- ակնհայտորեն շփոթված փորձել է ուղիղ պատասխանից խուսափել վարչապետը։ «Որպես քաղաքացի՝ վատ»,- թղթակցի պատասխանը ստանալով, Սարգսյանը եւս մեկ ճշտում է արել. «Այսինքն՝ մեր կառավարության անդամը սոցիալական ցանցի՞ց է օգտվել»։ «Աոաջին հերթին պետք է պարզենք, թե՝ ipad-ո՞վ, ի՞նչ տեղեկատվություն է այդ պահին այս կամ այն նախարարը որոնում։ Ես դա համարում եմ դրական՝ այն առումով, որ շատ հաճախ պատգամավորները հարցեր են հնչեցնում, եւ դրանց պատասխանները մենք պետք է կարողանանք որոնել հենց նաեւ մեր տեղեկատվական բազաներից»,- վերջապես ինչ-որ պատասխան է գտել վարչապետը։
Մինչ վարչապետը կենթադրի, որ Աշոտյանը Ինտերնետում պատգամավորների տված հարցերի պատասխանն է որոնում, մենք լուսանկարը ուշադրությամբ դիտելով պարզեցինք, որ նա «պլանշետով» բոդիբիլդինգին նվիրված ինչ-որ տեսահոլովակ է դիտում (նկարում):
«Հայկական ժամանակ»