
Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը: Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Էկոլոգիական իրավունքի մասնագետ, ակտիվիստ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ գրքում կոռուպցիայի հետ կապված խնդիրներ էլ են արծարծվում.
«Հսկայական կոռուպցիա կա, հասարակությունը մեկուսացված է որոշում կայացնելու պրոցեսից: Հայաստանում մեզ պատկանող բնապահպանությունից ստացված եկամուտը անհամաչափ է բաժանվում: Իրավական պաշտպանությունից հասարակությունը զրկված է»:
Կարդացեք նաև
Գրքում համակողմանիորեն ներկայացվել են շրջակա միջավայրի խնդիրները Հայաստանում, վերլուծվել են այդ խնդիրների ծագման պատճառները եւ լուծումներ առաջարկվել:
Գրքի հիմնական նպատակն է՝ բարձրացնել շրջակա միջավայրի բնագավառում բնակչության իրավագիտակցության մակարդակը, նպաստել շրջակա միջավայրի վերաբերյալ ընդունվող որոշումների օրինականությանը, դրանց ընդունմանը հասարակության մասնակցության ապահովմանը, իշխանության հաշվետվողականությանը եւ թափանցիկ գործելաոճին: Բնապահպանական շարժումների եւ քաղաքացիական նախաձեռնությունների հաջողված օրինակների միջոցով ցույց է տրվել, որ կարելի է հասնել արդյունքի եւ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հարկադրել հաշվի առնել հասարակական կարծիքը:
Գրքի տարբեր բաժինների վրա աշխատել են բնապահպանության բնագավառի փորձագետներ Գեւորգ Նազարյանը, Արամ Գաբրիելյանը, Սիլվա Ադամյանը, Մերի Խաչատրյանը, Գարեգին Չուգասզյանը, Հարություն Մեսրոպյանը, Ռուզաննա Ղազարյանը, Գոհար Ղազինյանը, Արթուր Համբարձումյանը, Արթուր Գրիգորյանը, Էրիկ Գրիգորյանը եւ Այսեր Ղազարյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































