Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը ՍԴ-ից մեծ սպասումներ չունի, բայց դրա որոշումը կլինի լակմուսի թուղթ

Դեկտեմբեր 11,2012 11:09

Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան:

Aravot.am-ը նրա հետ զրույցում հետաքրքրվեց, ի՞նչ է նա պահանջում  և ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ-ից:

Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ակնկալիքս ՍԴ դիրքորոշման արտահայտումն է  իմ բարձրացրած խնդիրների վերաբերյալ: Էական է, թե ԿԸՀ-ի մեկնաբանություններից հետո արդյոք ՍԴ-ն կկրկնի՞ դրանք, թե՞ ոչ: Բայց ինձ համար դա լակմուսի թուղթ է լինելու, թե էլ ի՞նչ կարելի է սպասել առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, քանի որ դրանք հավասարապես կարևոր են ոչ միայն թիվ 1-ում կատարվածին գնահատական տալու, այլև նախագահական ընտրություններում այդ երևույթները բացառելու, կամ հակառակը խրախուսելու առումով: Եթե ՍԴ-ն պնդեց այն դիրքորոշումները, որոնք հայտնել է  ԿԸՀ-ն իմ բողոքի հիման վրա, ապա կարելի է ձեռքերը լվանալ և ասել, որ ընտրությունները Հայաստանում ավարտվել են: Իսկ եթե նա գոնե ԿԸՀ-ի մեկնաբանությունները ուղղեց ընտրական շտաբներին, վարչական ռեսուրսների, թեկնածուի ռեսուրսների չարաշահման կապակցությամբ, ապա ես վստահ եմ, որ միջազգային ատյաններում գոնե ես դրանց հասնելու եմ: Այն, ինչ արել է ԿԸՀ-ն և ինչ որ անում են պետական մարմինները Հայաստանում, ճիշտ հակառակն է ինչ պահանջում են միջազգային կազմակերպությունների առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: Հետևաբար Եվրոպական դատարանում իննսուն տոկոսով վստահ եմ, որ հաղթելու եմ: Իմ դիմումը ՍԴ-ին ուղղված, բխում է բացառապես նրանց դիրքորոշումներից, գնահատականներից և չափանիշերից»:

Հետաքրքրվեցինք՝ անցնելով թիվ 1 ընտրատարածքի նախընտրական, ընտրական և հետընտրական բովով, Ս. Սաֆարյանն ի՞նչ հույսեր է կապում նախագահական ընտրությունների հետ: Նա նշեց. «Ես ուզում եմ իմ ներդրումը բերած լինել նախագահական ընտրություններին, որպեսզի իշխանական թեկնածուն անթիվ անհամար շտաբներ չբացի, ԿԸՀ-ն էլ ասի, որ նրա իրավունքն է դա անել: Ես ուզում եմ, որ պետական ապարատի գործունեությանը տրվի գնահատական, որ հաջորդ անգամ առնվազն գոնե նվազագույնի հասցված լինի վարչական ապարատի կամ ռեսուրսի օգտագործումը: Ուզում եմ, որ համարժեք գնահատական տրվի թիվ մեկ ընտրատարածքում կատարվածին: Ես ՀՀ ՍԴ-ից մեծ սպասումներ չեմ կարող ունենալ՝ դատելով նախորդ դիմումատուների դիմումների ճակատագրերը: Բայց հաշվի առնելով թեկուզ ֆորմալ կողմը, պիտի անցնեմ ներպետական բոլոր ատյաններով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31