
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի եւ կառավարության կողմից մշակված «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում, անվտանգ քիմիկատների կառավարում» ծրագրի միջոցով նախատեսվում է կանխել ժամկետանց ու արգելված թունաքիմիկատների շրջակա միջավայրի ու մարդու համար վնասակար ազդեցությունը:
Բնապահպանության նախարարի խոսքերով. «Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է ղեկավար կոմիտե, որում ներգրավված են լինելու կառավարության շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, մասնագետներ, ոլորտով անհանգստացող մարդիկ` մեր հետագա գործողությունները իրականացնելու մոտեցում ձեւավորելու համար: Միջազգային գործընթացների շրջանակներում որոշակի մեթոդիկա մշակելու անհրաժեշտություն կա, որը մեզ հնարավորություն կտա վտանգավոր թունաքիմիկատաները անվտանգ փաթեթավորել, տեղափոխել եւ անվտանգ ոչնչացնել»:
Ծրագիրը դեռեւս իր նախապատրաստական փուլում է, եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը արդեն 140.000 դոլար դրամաշնորհ է հատկացրել, սակայն ընդհանուր առմամբ նախատեսված է 4.7 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
«Տնտեսական աճը, արտադրության մեջ իրականացված փոփոխությունները նպաստել են տարբեր տեսակի քիմիական եւ ոչ քիմիական թափոնների առաջացմանը: Բոլոր աղտոտիչներից, որոնք արտանետվում են շրջակա միջավայր մարդկային գործունեության արդյունքում, ամենավտանգավորները կայուն օրգանական թափոններն են: Ժամանակի ընթացքում դրանք վերածվում են ավելի կայուն միացությունների եւ մուտք գործում սննդային շղթա»,- ասաց Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության օրակարգային հարցերից մեկը պիտի լինի թունաքիմիկատների կառավարումն ու դրանց վնասակար ազդեցությունը վերացնելը:
«Ծրագիրը նախատեսում ենք սկսել 2013 թվականի սկզբին, եւ ինչպես գիտեք, ամենամեծ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Երեւանի մոտակայքում, եւ, բնականաբար, սկսելու ենք այդ խոշոր գերեզմանոցից, որտեղ պահպանվում է շուրջ 500 տոննա վտանգավոր թափոն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բանպահպանության նախարար Արամ Հարությունյանը` ծրագիրը արդյունավետ իրականացնելու երեք տարբերակ ներկայացնելով:
Նախարարի կարծիքով` թունաքիմիկատները պետք է տեղում կոնսերվացնել եւ պահպանել կամ անվտանգ փաթեթավորել եւ տեղափոխել երրորդ երկիր՝ ոչնչացնելու համար կամ ոչնչացնել Հայաստանում: Չնայած պարոն Հարությունյանը` առաջին տարբերակը ավելի քիչ հավանական համարեց:
Ծրագրի շրջանակներում նաեւ կաղտազերծվի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ


















































