Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության աշխատանքը խաթարելու գործով դատական նիստը հետաձգվեց

Հունվար 08,2013 15:53

Շուրջ 20 րոպե տևողությամբ ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը խաթարելու ու բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանի դեմ գործով առաջին դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Հաջորդ դատական նիստում կապահովվի ամբաստանյալի պաշտպանի մասնակցությունը:

Թեև դատարանը պաշտպան էր հրավիրել Հանրային պաշտպանի գրասենյակից, սակայն գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ամբաստանյալը հայտնեց, որ իր շահերը պաշտպանելու վերաբերյալ ինքը պայմանավորվածություն ունի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի հետ: Վերջինս դատարանի կողմից կծանուցվի հաջորդ կայանալիք նիստի մասին:

Ամբաստանյալը կարճ ժամանակահատվածում, դատարանին փաստաթղթեր ներկայացնելու ընթացքում հասցրեց տեղեկացնել, որ վիրահատության կարիք ունի, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ինքը գտնվում է, պայմաններն էլ ավելի են խաթարում իր առողջական վիճակը՝ մասնավորապես, առանց ապակի պատուհանից ցուրտ է ներթափանցում, և ինքը մտավախություն ունի, որ իր մոտ մենինգիտ է սկսվում: «Կալանավայրում իրավունքներ չունեմ, ունեմ պարտականություններ»,- ասաց կալանավորը:

Ամբաստանյալը հընթացս հայտնեց նաև, որ իր սեփականությունն անկախ իր կամքից օտարվել է, իսկ «ոստիկանությունը կոծկում է դա»: Իր խնդիրը լուծելու համար ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, Վահե Մանուկյանն իրենից պահանջել է 5000 դոլար: Ի դեպ, վերջինիս դեմ այս գործը գտնվում է նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում: Ըստ մեղադրանքի, Վ.Մանուկյանը 2011թ. դեկտեմբեր ամսին Արմեն Խալոյանից տեղեկանալով, որ վերջինս խնդիրներ ունի պետական և դատական մարմիններում շահերը պաշտպանել՝ նախկինում նրան պատկանող Երևան քաղաքի Չեխովի 33 շենքի 7 բնակարանի սեփականության իրավունքր վերականգնելու համար, ներկայացրել է, թե իբր կարող է դատավորին շուրջ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալով կարգավորել հարցը և ստանալ Արմեն Խալոյանի օգտին վճիռ: Ապա 2012թ. փետրվարի 23-ին վերջինիցս այդ պատրվակով խարդախությամբ՝ խաբեության եղանակով, Երևան քաղաքի «Երիտասարդական» մետրոպոլիտենի մուտքի դիմացի հատվածում պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 778,680 դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար՝ դատական ատյաններում նրա օգտին գործողություններ կատարելու համար, ինչն անմիջապես բացահայտվել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։

Նշենք, որ Ա. Խալոյանի դեմ մեղադրանքն էլ տպավորիչ է. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ խուլիգանություն, առաջին և 2-րդ մասերով, 235-րդ 4-րդ մասով՝ ապօրինի զենք կրելը, 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Արմեն Խալոյանը մեղադրվում է այն բանում, որ 2012թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Առուշանի Հակոբյանի հետ: Այդ ընթացքում նա, ըստ մեղադրական եզրակացության, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բռնություն է գործադրել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Մ.Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Իր այդ դիտավորյալ գործողություններով, ըստ մեղադրանքի, շուրջ 20 րոպե տևողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031