Լրահոս
Օրվա լրահոսը

«…չկարծես, թե վշտացողներ ես ունենալու հետևիցդ»

Հունվար 09,2013 15:39

Երեւի մի 26-27 տարի առաջ էր, Երեւանում կիսաշշուկով խոսում էին Հարություն Խաչատրյանի «Կոնդի» մասին, Հարություն Խաչատրյան անուն ազգանունն էին տալիս` մի քիչ ուզելով, ավելի շատ` չուզելով: Ինչ որ մի կարեւոր բան էր եղել, բայց ոչ ոք բարձրաձայնել չէր ուզում ոնց որ թե, կամ շատ չէին ուզում, ու ինձ`«Երեկոյան Երեւան» հրաշալի թերթի նորեկ ժուռնալիստիս, իմ հրաշալի խմբագիրը` երջանկահիշատակ Կամո Վարդանյանը, որ անթաքույց տաղանդավորի, լավի, արվեստի, ճշմարիտի կողքին էր, իր նման ասաց, որ «Եթե Հարություն խաչատրյանին հանդիպես ու էդ  «Կոնդի» շշուկները տեսնես ինչ ա, լավ կանես»: Հանդիպեցինք, Հարություն Խաչատրյանն իր հայտնի լայնեզր գլխարկով էր, մի քիչ բոհեմավարի, անսեթեւեթ, անկեղծ ու «Կոնդի» մասին երկար զրուցեցինք:

Հետո Հարություն Խաչատրյանի անունն ու «Կոնդը» մոսկվաներից, կիեւներից, ուրիշ արտասահմաններից եկան Երեւան ու շշուկները պայթեցին, ուզող-չուզողներին ասեցին իրենց ասելիքը, որովհետեւ Հարություն Խաչատրյանը կինո էր նկարել, որովհետեւ Հարություն Խաչատրյանի կինոն հայ կինոյի հազվադեպ առկայծումներից էր իր տեսակի մեջ: Հետո եկան, հերթականությունը չեմ հիշում, «Սպիտակ քաղաքը», «Վերադարձ ավետյաց երկիրը», «Վերջին կայարանը»,  դաժան ու ճշմարիտ «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Գոմեշը»…

26-27 տարի հետո Հարություն Խաչատրյանի հետ մտերմացանք ու տեսա, որ Հարութը չի փոխվել` նույն լայնեզր գլխարկով, նույնչափ բոհեմավարի ու նույնքան անկեղծ, անսեթեւեթ: Ցավոք, Երեւանն էլ չի փոխվել այն իմաստով, որ Հարութի մասին էլի խոսում են մի քիչ ուզելով, չուզելով`ավելի շատ, Հարութի ֆիլմերի մասին էլի կիսաշշուկով են խոսում ու էլի արտասահմաններից` փարիզներից, վենետիկներից, հռոմներից են Հարութի ֆիլմերն ու պարգեւները գալիս Երեւան:  Բայց Հարութը, ոնց որ այն  ժամանակ, դրա մասին շատ չի ասում, չի նեղանում, չի վրդովվում, չի չարանում, թեեւ, զգում եմ, ներսում այդ վիճակի հետ հաշտ չի…

Վերջերս Փարիզում, Լուվրում Հարութի «Գոմեշն» էին ցուցադրում, Ժնեւում Հարութին էին մեծարում ու Երեւանը լուռ էր: Երեւանի համար այնքան սովորական էր, որ կարծես ամեն օր Լուվրում հայկական ֆիլմ են ցուցադրում, ամեն օր ժնեւներում հայ ռեժիսոր են մեծարում: Մենք էլի մեր սպանությունների, վթարների, լավագույն դեպքում նախագահացուների հետ էինք, բայց այն բացառիկ բանը, որ Հարութն արեց ու անում է հայկական կինոյի, Հայաստանի, հայի համար, մենակ, երկու- երեք ընկերոջ հետ արեց ու անում է, դեռ երկար հայն ու Հայաստանը մոռացնել չեն տալու աշխարհի արվեստի քարտեզից: Գիտեմ, շարունակելու է աշխարհի հանճարեղներին բերել Երեւան, Հայաստանի տեղը ցույց տալ, Հայաստանով անել, Հայաստանը սիրել տալ…Աշխարհահռչակ քանի ռեժիսոր, դերասան, կինոգետ, կինոյի մարդ ու քանի հազարավոր շարքային կինոսեր, արվեստասեր  Հարութի «Ոսկե Ծիրանովՙ», որն արդեն բոլորինս է, Հայաստանը  սիրեցին, Հայաստանը հասկացան, Փելեշյան ու Փարաջանով հասկացան, Փելեշյանի ու Փարաջանովի հայրենիքը հասկացան, արմատները հասկացան, ակունքները հասկացան ու Հայաստան անունն ու հայ կինոյի անունը, հայ ռեժիսորի, հայ դերասանի անունը տարան աշխարհով մեկ:

Մի քանի օր առաջ կարդում էի մեծ, շատ մեծ Հրանտ Մաթեւոսյանի «Անդրեյ Տարկովսկին» ու նայեք ինչ էր պատմում Վարպետը, որ ուզում եմ դուք էլ կարդաք ու նախապես չկամների համար ուզում եմ ասել, որ Հարութին Տարկովսկու հետ չեմ համեմատում այն պարզ պատճառով, որ արվեստում համեմատություններին դեմ եմ, արվեստում ամեն մարդ իր տեղն է ունենում կամ…չի ունենում:

«…մոսկովյան մտավորականության հետ շփումների ժամանակ, երբ հաճախ խոսքը Անդրեյին էր գալիս, ես տեսնում էի, որ լավագույն դեպքում իմ հիացումը չեն բաժանում. տեսնում էի, որ չկամներ կան, էնպիսի մարդիկ կան, որ ասենք թե «Ռուբլյովի» վերաբերմամբ իմ հիացումը չեն բաժանում, «Հայելու» վերաբերմամբ իմ հիացումը չեն բաժանում և, ընդհակառակը, մի տեսակ ուրախությամբ էին արձանագրում, որ, ասենք, «Համլետը» «Տագանկայում» չի կայացել: Ես ներկայացումը չեմ տեսել ու չեմ կարող ասել՝ կայացել է, թե չի կայացել: Ըստ երևույթին խոշոր հաջողություն չի եղել: Բայց ինչո՞ւ էին այդ բանը ուրախությամբ ընկալում: Եվ նրա էս երկրից հեռանալը փաստորեն հետադիմության ուժի հաղթանակն էր: Հետադիմությունը կարողացավ նրան դուրս մղել, հետադիմությունը հաղթեց, նրան էստեղից դուրս քշեց: Փաստորեն դաշինք կար ներքևի չուզողների, ներքևի չկամների ու վերևի չինովնիկների միջև, էն չինովնիկների, որոնք ահա չէին ուզում հանճարի էս տիպը, չէին հանդուրժում տաղանդի էս տիպը: Եվ եթե նա չլիներ, իրենց գործը շատ լավ կլիներ, իրենց գործը հեշտ կլիներ: Ինքը պրովինցիալ չէր, ինքը մայրաքաղաքում էր և կարողանում էր ղեկավարության հետ առճակատման ու բախման գնալ: Հարաբերությունները հստակ էին, և ես տեսնում էի, որ ինքը արդեն ուրիշ տեղ է, որ ինքը ուզում է լինել այնտեղ, որտեղ իրեն չեն խանգարի: Խոշոր, պայծառ տաղանդների նկատմամբ միշտ կա էդ չկամությունը, պիղատոսաբար ուրախանում են, երբ ընկնում է, երբ չկա: Միշտ թշնամանքով են ընդունում և հրճվում են, երբ կարողանում են թշնամանքով հաղթել, ծնկի բերել, ոչնչացնել: Վիլյամ Սարոյանը ո՞նց է ասում, ասում է՝ «Մի մեռիր, ընթերցող: Հուսահատվել ես, ասում է, բայց մի բան եմ խնդրում, որը լսիր ու մի մեռիր: Կարծում ես քո էդ կողքի շան տղերքը քեզ ցավակցելո՞ւ են: Չեն ցավակցելու, բոլորովին էլ պետքները չի լինելու, երբ որ մեռնես: Ուրեմն, ձեռքդ գրպանդ տար, մի երկու սենթ է մնացել գրպանումդ, գնա հաց ու պանիր առ, գնա արևի տակ նստիր ու կարգին, ախորժակով կեր ու կամաց տիեզերքին, աշխարհին, արևին ունկնդրիր: Հետո էդ մտքերից ազատվիր ու գնա քո գործին: Մի մեռիր, չկարծես, թե վշտացողներ ես ունենալու հետևիցդ»։

Չնայած ծննդյան օրվա խոհ չստացվեց, բայց այսօր Հարություն Խաչատրյանը դառնում է 58 տարեկան ու երկու տարուց դառնալու է վաթսուն…:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031