Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Աստծո տանը լույս չկա

Հունվար 09,2013 16:09

Հունվարի 6-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական պատարագի տեքստը կարդացվել է մոմի լույսի տակ, եկեղեցում ջահ չկա: Ինչպես գրում է facebook-ի նոյեմբերյանցի օգտատերերից մեկը, եկեղեցու քահանան հավատացյալներին հորդորել է՝ ով ինչքան կարող է օգնի, որպեսզի եկեղեցին լույս ունենա:

Սուրբ Սարգիս եկեղեցում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Դեռեւս լուծված չէ եկեղեցու հարակից էլեկտրական ենթակայանի տեղափոխման խնդիրը: Ճիշտ է` ենթակայանի տեղափոխման համար փողոցի մյուս կողմում տարածք է հատկացվել, սակայն տեղափոխումն այդպես էլ չի կատարվում: Այդ աշխատանքների ձգձգման հետ կապված` չի լուծվում նաեւ փողոցից դեպի Սուրբ Սարգիս տանող կարճ ճանապարհի` աստիճանների կառուցման հարցը:

Արդեն մի քանի տարի կիսատ է ծագումով նոյեմբերյանցի, հայտնի նկարիչ Հենրիկ Մամյանի կողմից Սուրբ Սարգիս եկեղեցու ներսը որմնանկարներով զարդարումը: Բազմավաստակ նկարիչն այդ աշխատանքը որպես հայրենի Նոյեմբերյանին նվիրատվություն է կատարում, սակայն նրա տարիքը եւ Երեւանում բնակվելը խանգարում են աշխատանքների ավարտին:

Սուրբ Սարգիս եկեղեցու հովվատունը գտնվում է անմխիթար վիճակում, պատերը խոնավությունից փչացել են:

Հավելենք, որ հունվարի 6-ին Տավուշի մարզի առողջարանային Դիլիջան քաղաքում Սուրբ Ծննդյան պատարագը, նախորդ տարիների նման, մատուցվեց «Թուֆենկյան» թանգարանի մաս կազմող շենքերից մեկում, որը վերածվել է ժամանակավոր եկեղեցու:

Մեր տվյալներով` 2006 թվականին արտերկրի բարերարի կողմից Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար շուրջ 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարվել: Բացի այդ , համայնքում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ` նպատակ ունենալով ներգրավել լրացուցիչ ֆինանսներ: Չնայած ձեռնարկած միջոցներին` եկեղեցու շինարարությունն այդպես էլ չի սկսվում: Եկեղեցու բարեգործը մահացել է, իսկ ավելի քան 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջանն առանց եկեղեցի է :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031