Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Հրանտ Բագրատյանի նման վարչապետ Սերժ Սարգսյանին պետք չէ»

Հունվար 11,2013 14:49

 

Aravot.am-ի տեղեկություններով ՀԱԿ-ում  սկսել են «աշխատանք տանել» ՀՀ նախագահի թեկնածու, իր անդամությունը ՀԱԿ քաղխորհրդում սառեցրած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը` նախագահական ընտրապայքարից: ՀԱԿ ղեկավար մարմնում մտավախություններ ունեն, որ Բագրատյանի ստացած տոկոսները նախագահական ընտրություններում կարող են շահարկման առարկա դառնալ հենց ՀԱԿ-ի համար: Այս առիթով մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ ղեկավար մարմնի անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ եթե նման գործընթաց լիներ, ինքն անպայման տեղյակ կլիներ, քանի որ իր շփումները եւ ՀԱԿ-ում, եւ պատգամավորական խմբակցութունում բավականին ակտիվ են. «Ոչ նման որոշում կա, ոչ էլ, ընդհանրապես, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Աշխատանք եղել է մինչեւ Բագրատյանի առաջադրվելու հայտարարությունը: Ավելի շուտ, դա ոչ թե աշխատանք է եղել, այլ ջենտլմենական պայմանավորվածություն, որ Բագրատյանը պետք է սպասի նախագահի որոշմանը, եւ որը խախտվել է հենց իր իսկ կողմից: Ու այլեւս, ես կարծում եմ, որ անիմաստ է այդ աշխատանքը տանել: Ավելի քան վստահ եմ, որ այդ աշխատանքն արդյունք չի տալու: Հետեւաբար, չեմ էլ կարծում, որ ՀԱԿ-ի կողմից նման աշխատանք տարվում է: Իսկ եթե Բագրատյանը կգա այդ որոշմանը, ապա ես դա միայն կողջունեմ եւ իմ հարգանքը կարտահայտեմ նրա նկատմամբ»:

Այսօր արդեն Հրանտ Բագրատյանը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում հիմնականում ներառված են ՀԱԿ-ի  «100 քայլ» ծրագրի հիմնադրույթները: Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք` ՀԱԿ-ում ինչպե ՞ս  կարձագանքեն դրան: «Տոնական օրեր էին, ՀԱԿ-ի  շտաբի առաջին նիստը երեկ է եղել, որտեղ նման հարց չի քննարկվել: Իհարկե, Հրանտ Բագրատյանը մեծ ավանդ ունի «100 քայլ»-ի մեջ եւ չեմ բացառում, որ նա բավականին դրույթներ օգտագործի իր նախընտրական ծրագրում: Ես նորմալ եմ նայում, եթե կվերամշակի, ավելի ազատական կդարձնի, որովհետեւ «100 քայլը» համաձայնեցված է եղել ՀԱԿ բոլոր կուսակցությունների հետ, ամենքն իրենց մոտեցումն են արտահայտել` փոփոխությունների ենթարկելով սկզբնական տարբերակը, որը առաջարկվել էր Հրանտ Բագրատյանի կողմից: ՀԱԿ-ը մեծ կառույց է, այնտեղ եւ սոցիալիստներ կան, եւ լիբերալներ, եւ պահպանողականներ ու քանի որ միասնական ուժ ենք, փորձել էինք համաձայնեցնել դա»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որը սոցիալական ցանցերում սկսեցին ՀԱԿ երիտասարդները` մեղադրելով Հրանտ Բագրատյանին` իշխանության հետ համագործակցության գնալու մեջ, Բագրատյանի նախկին զինակիցը, ով առաջիններից էր, որ քննադատեց նրա առաջադրվելու քայլը, ասաց. «Մեր երիտասարդները մի քիչ շտապել են իրենց կարծիքների մեջ: Ես կարծում եմ, ար այդ հարցում պետք է ավելի զուսպ լինել»: Պատասխանելով Aravot.am-ի հարցին` հավանական համարո՞ւմ է, որ ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանին առաջարկվի ՀՀ վարչապետի պաշտոնը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ եթե նա երկրորդ տեղը զբաղեցնի, չի բացառում, որ ինչ-որ բան նրան առաջարկվի. «Բայց վարչապետ, կարծում եմ, չի առաջարկվի, որովհետեւ Հրանտ Բագրատյանի տեսակը, բնույթը, խառնվածքը չի համապատասխանում գործող իշխանությունների վարքագծին: Ես չեմ ասում` լավ է կամ վատ է, բայց, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի նման վարչապետ Սերժ Սարգսյանին պետք չէ: Միգուցէ ակնկալվո՞ւմ է, չեմ կարող ասել, բայց իմ ներքին համոզմունքն է, որ Սերժ Սարգսյանին դժվար թե Հրանտ Բագրատյանի նման վարչապետը պետք լինի»:

Կարո՞ղ է Հրանտ Բագրատյանը երկրորդ տեղի հավակնություներ ունենալ, մեր այս հարցին էլ տիկին Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքական կերպար, վաղուց է քաղաքական դաշտում եւ քաղաքական փորձառությունն էլ, թիմն էլ ավելի մեծ են: Հետեւաբար, չեմ կարող միանշանակ կարծիք արտահայտել: Կգա ժամանակը` կտեսնենք, թե հասարակությունն ինչքա՞ն է վստահում Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031