Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարը սփյուռքահայ մանկավարժներին պարգևատրեց նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

Հունվար 18,2013 14:38

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանին:

Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի կյանքում ավանդ ներդրած լավագույն անհատները: Իսկ հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժների դերն անգնահատելի է:

Այսօրվա դժվարին պայմաններում, երբ Սփյուռքի հայ մանկավարժը կարող է զբաղվել առավել շահավետ աշխատանքով և հոգալ ընտանիքի հոգսերը, նախընտրում է ուսուցչի անձնվեր և դժվարին ուղին` գիտակցելով ազգանվեր գործունեության հրատապությունն ու անհրաժեշտությունը: «Մենք անսահման շնորհակալ ենք ձեզ և օգտագործում ենք բոլոր հնարավոր առիթները` խրախուսելու և ոգևորելու ձեր գործունեությունը, գնահատելու հայ մանկավարժի վաստակը», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար սփյուռքահայ վաստակավոր մանկավարժներ Կարինե Թումաղայանը և Օֆելյա Առաքելյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որը նրանց հանձնեց գերատեսչության ղեկավար տիկին Հակոբյանը հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին իրենց համայնքների, մասնավորապես` համայքներում գործող հայկական դպրոցների նկատմամբ մշտական ուշադրության և հոգածության համար` տիկին Թումաղայանը  և տիկին Առաքելյանը նշեցին, որ «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրումն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է այն վստահության հանդեպ, որ ցուցաբերվել է իրենց հանդեպ, և պարտավորություն` ավելի լավ աշխատելու:

«Իրականում Դուք օրինակ եք դարձել մեր երիտասարդության համար Սփյուռքում, տիկին Հակոբյան, մենք դիտում ենք Ձեր բոլոր ելույթները և ընթերցում հարցազրույցները: Դրանք համախմբում են մեզ և ոգևորում` ավելի լավ գործելու», – նշեց Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանը:

«Հայ ուսուցիչը հայ մտավորականության զարդն է և դուք  եք այդ փայլը հաղորդում մեր երեխաներին», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Խոսելով 2012թ.  «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իր արդյունավետ վերապատրաստման մասին` տիկին Թումաղայանը տեղեկացրեց, որ 2013թ. նույն ծրագրի շրջանակներում հայերեն սովորելու կամ իրենց իմացությունը կատարելագործելու նպատակով մեծ թվով երեխաներ ու պատանիներ են ցանկություն հայտնել մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի դասընթացին:

Քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք մերձեցման, ՀՀ սփյուռքի նախարարության մյուս ծրագրերին ավելի մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ ներգրավելու հարցեր:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031