Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի այցը «Դինո Գոլդում» կայացել է փակ դռների ետեւում

Հունվար 23,2013 15:30

Երեկ նախընտրական այցով Սյունիք ժամանած ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Սիսիանում եւ Գորիսում կայացած հանդիպումներից հետո պաշտոնական հրավերով այցելել է Կապանում գտնվող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ, որտեղ ընկերության ղեկավար կազմի եւ ընկերության որոշ աշխատակիցների հետ հանդիպումը կայացել է փակ դռների ետեւում եւ լրագրողները հնարավորություն չունեցան մասնակցելու դրան:

Փակ հանդիպման ավարտից հետո «Առավոտը» «Դինո Գոլդի» վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանից փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ հարցեր են շոշափվել եւ քննարկվել հանդիպման ժամանակ, եւ ամենակարեւորը, բաց հանքի հարցը  քննարկման դրվե ՞լ է, թե՞  ոչ:  Մեզ հուզող հարցերի պատասխանները հաջողվեց ստանալ միայն այսօր:

Ըստ պարոն Ջաբրայանի` մոտ 45 րոպե տեւած հանդիպման ժամանակ նախագահը տեղում ծանոթացավ ընկերության կատարած աշխատանքներին, սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ  ապագա ծրագրերին:  «Նախագահին ներկայացրեցինք որոշ թվեր, տվյալներ` հանքարդյունաբերության, աշխատավարձերի վերաբերյալ: Խոսեցինք ապագա ծրագրերի մասին, որոնց մասին բնականաբար մանրամասներ չեմ կարող ասել, բայց խոսեցինք, թե  ինչքան երկար ժամկետով կնախատեսենք, Կապանի հանքը օգտագործենք ստորգետնյա եղանակով, իսկ եթե բաց հանք լինի, այստեղ ինչպիսի՞ բաց հանք կարող է լինել, ինչպե՞ս պետք  է հետախուզական աշխատանքները շարունակվեն, ի՞նչ մակարդակով,  ինչքա՞ն ներդրումներ պետք է անենք», -ասաց ընկերության վարչական գծով տնօրենը:

Այնուամենայնիվ մեզ հետաքրքրում էր բաց հանքի վերաբերյալ հստակ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ, ի վերջո կապանցիներին այդ հարցը շատ է հուզում:  «Նախագահին ասել եմ, եթե մենք տվյալներ ունենանք, որ այստեղ պետք է բաց հանք լինի, իրեն եւ նախարարությանը կներկայացնենք, դրանից հետո հասարակական լսումներ կանցկացնենք ժողովրդի հետ: Նախագահին անձամբ խոստացել եմ, եթե այստեղ պետք է բաց հանք  լինի, ապա դա կլինի միայն բարձրագույն, Կանադական, միջազգային ստանդարտներով: Բայց հստակ ասացինք, որ այս պահին  մենք չենք կարող իմանալ բաց հանք ուզո՞ւմ ենք, թե՞ չէ` մինչեւ ընթացիկ տարվա կեսին վերջնական արդյունքները չունենանք», – հավելեց նա եւ ընդհանուր առմամբ դրական գնահատեց  եւ երկուստեք տպավորիչ համարեց կայացած հանդիպումը:

«Դիոնո Գոլդի» վարչական գծով տնօրենից նաեւ հետաքրքրվեցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում ի՞նչ դիրքորոշում է ունենալու  եւ արդյոք այդ մոտեցումը կարո՞ղ է անդրադառնալ ընկերության աշխատակիցների վրա, ինչպես սովորաբար տեղի է ունենում հայաստանյան պայմաններում: «Մենք բազմիցս ասել ենք, որ մեր աշխատավորները ազատ են եւ իրավասություն ունեն քվեարկելու ցանկացած թեկնածուի օգտին: Իսկ ես ինքս ունեմ իմ անձնական կարծիքն այդ հարցի վերաբերյալ: Ես շատ եմ հավանում Սերժ Սարգսյանին՝ ե’ւ որպես անձ, ե’ւ որպես նախագահ: Ընդունելի է իր վարած քաղաքականությունը, մանավանդ ուժեղ է արտերկրյա քաղաքականությունը, բայց մենք մեր աշխատողներին  չենք ասել, թե որ թեկնածուի օգտին քվեարկեն, քանի որ դա  իրենց իրավունքն է», – պարզաբանեց պարոն Ջաբրայանը:

Երեկվանից նախընտրական այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր էլ է շարունակում նախընտրական հանդիպումները ընտրողների հետ, որն այսօր առավոտվանից  մեկնարկել է Մեղրու տարածաշրջանից: Ագարակ, Մեղրի եւ Քաջարան քաղաքներում բնակիչների հետ հանդիպումներ ունենալուց հետո, նախագահը Սյունիքում իր նախընտրական հանդիպումը կեզրափակի  Կապան քաղաքում` Գարեգին Նժդեհի անվան կենտրոնական հրապարակում, որտեղ պատրաստությունը վաղուց սկսվել է, իսկ նախագահի այցի վերաբերյալ բարձրախոսով պարբերաբար հայտարարվում է քաղաքի փողոցներում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես գալիս եմ այն համոզմունքին, որ ՍՍ-ը ունի այլմոլորակային ծագում, որը
    երկիր մոլորակի հետ կապ ունի այնքանով, որ կարող է մարդկանց ներշնչել
    իրականությանը ճիշտ հակառակը, և անհրաժեշ ցանկացած պահի կարող է
    անհետանալ: Միայն այդ դեպքում,՝ նա կարող է երկիրը վերածել հանքավայրերի,
    այն էլ՝ բաց արտահանման եղանակով, համոզված լինելով այն ասածվածքին՝, որ
    -մեզանից հետո թեկուզ կանաչ չբուսնի: Աղետալի է, հրեշավոր է, և էրկրի կործանումը
    բացարձակ տեսանելի:

  2. անհայտ Մաքսիմին ասեմ….վերացական գնհատական մի տուր… Քեզ կոնկրետ հարց եմ տալիս…. Դու ինքդ ռիսկային գոտում ներդրում կանեյիր? Դու ինքդ ոչ պարտադրված սոցիալական ծրագրեր կանեյիր? համոզված չեմ… ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ՄԻ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ԸՆԴԻՄԱԴԻՐ ՁԵՎ ԲՌՆԵԼ ԱՅՆ ԷԼ ՀԱԿԱՌԱԿ ԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ԿԱ ԿԱՊԱՆՈՒՄ……..

  3. Tigran says:

    Maxim… Իսկ ես գալիս եմ այն համոզմունքին, որ քեզ են ուղարկել այլ մոլորակներից, որպեսզի ՛՛փրկես մեր մոլորակը՛՛: Դու ուտոպիստ ես, եթե մտածում ես, որ առանց ծանր և թեթև արդյունաբերության, առանց բաց և փակ հանքերի, առանց ատոմակայանների և տիեզերանավերի միայն դատարկ և անիմաստ խոսելով այս դարում հնարավոր է ապրել և գորանալ: Հայաստանում կա նաև ատոմակայան, սակայն ես համոզված եմ, որ դու երբեք այդ հարցը չես բարձրացրել, որովհետև չես ուզու ապրել “մոմի լույսի տակ” և որովհետև ատոմակայանը քեզանից փոքրինչ հեռու է և անմիջական վնասակար ազդեցություն չի թողնում քեզ վրա: Մտածում եմ, որ երևի կասես թե այդ հարցը պետք է բարձրացնեն Մեծամորի բնակիչները:Դա էգոիզմի վառ արտացոլումն է: Այդ դեպքում ինչու՞ ես խոսում Երկիր մոլորակի կործանման մասին բաց հանքերի ազդեցությունից………

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031