Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Րաֆֆին 150 հազար մարդ հավաքեր սահմանադրական դատարանի մոտ, Գագիկ Հարությունյանը կզիջեր». քաղաքագետ

Մարտ 19,2013 22:11

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Գագիկ Հարությունյանը կընտրեր ժողովրդին, այլ ոչ թե`Սերժ Սարգսյանին:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա ասուլիսին կարծիք է հայտնել. «Հացադուլ հայտարարելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից»: Այսօր Aravot.am-ը քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանից եւ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք կիսո՞ւմ են նախագահի կարծիքը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այս առնչությամբ ասաց. «Ոչ, ինքը քաղաքական պրոցեսում է: Ես համարում եմ՝ որքան ընդդիմությունն ակտիվ լինի, այնքան լավ, տեղ չեն տալիս պառլամենտում` պետք է դրսում անեն ու  ակտիվ աշխատեն: Ես չեմ ասում հացադուլը իդեալական է, բայց դա էլ  պայքարի ձեւ է, լարվածություն պահելու ձեւ է: Էդ ո՞նց է` երբ Ղարաբաղ կոմիտեի անդամները հացադուլ էին անում, բոլորը համարում էին շատ կարեւոր գործիք` ազդելու, ճնշելու իշխանությանը:  Ես համարում եմ, պայքարը, որ տանում է, նույնիսկ եթե չեմ կիսում իդեաները, այն որ իրենք ակտիվացնում են միտինգներն ու այլն, շատ նորմալ ձեւ է իշխանության վրա ազդելու: Այդ պայքարի մի արդյունք կարող եմ ասել ` Հանրապետական կուսակցության անդամների ցինիկ հայտարարությունների թիվը կտրուկ նվազել է: Հիշեք` 1-1,5 ամիս առաջ ինչ էր կատարվում, այն աստիճան ցինիկ, որ ես երբեւիցե չեմ լսել, գրքերում էլ չեմ կարդացել, բայց նայեք հիմա բոլորը ասում են` չէ, մեզ ճիշտ չեն հասկացել, այս պայքարը փորձում է ավելի սթափեցնել իշխանություններին»:

Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ նախագահը փաստացի ճիշտ  դիտարկում է արել, որովհետեւ բոլոր ընտրություններից հետո պայքար եղավ, բայց ոչ մի արդյունք չեղավ. «Իհարկե, լավ է, որ Հանրապետականի անդամները որոշ ժամանակ զսպված կլինեն, բայց հո մեր կյանքի նպատակը ցինիզմի քանակը նվազեցնելը չէ, մենք մազոխիզմով ենք զբաղված եւ որպեսզի մենք կարողանանք մազոխիստական մթնոլորտից դուրս գանք, պետք է հստակ իմանայինք` թե ինչ քարտեզով պիտի գնայինք»:

Պարոն Բոզոյանը նաեւ մեկնաբանեց, թե ըստ իրեն ինչու ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը չհասավ հաջողության: Քաղաքագետի դիտարկմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը շատ փոքր էր, եւ իսկ հիմնական խոշոր խաղացողները չմտան, որովհետեւ չէին հավատում հաղթանակին. «Բոլորը հասկանում էին՝ առանձին-առանձին մասնակցելը դա պարտություն է: Րաֆֆֆին մտավ պրոցեսի մեջ եւ իր մաշկի վրա տեսավ, թե ինչ է նշանակում պարտություն: Այսինքն` ինքը ուներ շատ ավելի ձայն, բայց իր փոքրաթիվ թիմը կարողացավ պահել ընդամենը 540 հազար ձայն: Քանի որ նրա թիմը հզոր չէր, նա չունեցավ այնքան ապացուցողական բազա, որի միջոցով նա առանց որեւէ երկմտելու կարողանար ներկայացնել Սահմանադրական դատարան»:

Երվանդ Բոզոյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը  պիտի Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ներկայացուցիչներ ունենար եւ աշխատեր, որպեսզի ընտրակեղծիքների մեքենան բռնվեր, ապացուցողական բազան շատ լիներ. «Եվ ինքը ոչ թե բարեւ-հեղափոխութան կոչ աներ, այլ ժողովրդին կոչ աներ Սահմանադական դատարանի մոտ հավաքվեին 100-150 հազար մարդ, եւ պահանջեին ընդունել այն ապացուցողական բազան, որը ռեալ կար, եւ համոզված եմ, եթե այդքան մարդ կանգներ դատարանի մոտ՝ Գագիկ Հարությունյանն ու մնացած դատավորները ստիպված կզիջեին, դա  է ցույց տալիս համաշխարհային փորձը»:

Aravot.am-ի այն հարցին, թե Գագիկ Հարությունյանին ստիպողը ժողովո՞ւրդն էր լինելու, թե՞ Սերժ Սարգսյանը, պարոն Բոզոյանն ասաց. «Ուրեմն` եթե Գագիկ Հարությունյանը կանգնած լիներ Սերժ Սարգսյանի եւ 150 հազար ժողովրդի միջեւ, ապա ինքը կգնար զիջման»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութը՝ շուտով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սա ԴԵՌ հսկա մի շարժման ՄԻԱՅՆ սկիզբն է: Ժամանակից առաջ մի ընկեք և մի թերագնահատեք ժողովրդի (հավաքական) իմաստությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031