«Դա քաղաքականա պատվեր է, որը կապված է իմ գործունեության հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում իրեն` ԱԱԾ հրավիրելու փաստն այսպես մեկնաբանեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: ԱԱԾ ծանուցագրում բացակայում էր, թե ինչ գործի վերաբերյալ են Ս. Զոլյանին հրավիրում ԱԱԾ:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` ի վերջո ի՞նչ են իրենից պահանջում ԱԱԾ-ում: Պարոն Զոլյանը նշեց, որ առավել մանրամասնորեն այդ մասին ինքը հանդես կգա մեկ օր անց կազմակերպվելիք մամուլի ասուլիսին, որտեղ պատրաստվում է նաև ներկայացնել Եվրախորհրդարանի համապատասխան կոմիտեի այն որոշումը, որտեղ արձանագրված է, որ Ս. Զոլյանի դեպքում վտանգված է ՀՀ կողմից միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը: Ս. Զոլյանը տեղեկացրեց, որ զեկույցում այլ հարցերի շարքում ամրագրված նաև վերոնշյալ ձևակերպումը:
Դառնալով ԱԱԾ-ում այսօր տեղի ունեցածին` պարոն Զոլյանը տեղեկացրեց. «Ընդհանուր առմամբ շատ սիրալիր զրույց է եղել: Որևէ նոր բան չկա: Դեռ հունիսից Արմեն Աշոտյանը անընդհատ ստուգումներ է կազմակերպել Լեզվաբանական համալսարանում, և այդ բոլոր նյութերը ուղարկել ԱԱԾ: Ես այդպես հասկացա, որ նրանք, բնականաբար, պիտի արձագանքեին Աշոտյանի խնդրանքներին, քանի որ դա նրանց առաքելությունն է: Նա պարբերաբար ուղարկում է իր խնդրանքները ԱԱԾ-ին, ու այս առումով միայն կարող ենք ԱԱԾ-ն վերծանել որպես Արմեն Աշոտյանի ծառայություններ:Իսկապես, ինձ համար անհասկանալի է այս ամենը: Եթե դրանով ադրբեջանական ԱԱԾ-ն զբաղվեր, ես կհասկանայի, բայց ինչքան գիտեմ` դեռ Ադրբեջանի կողմից Հայաստանը զավթված չէ, ինչի մասին ես հիշեցրեցի նաև այնտեղ և արտահայտեցի իմ զարմանքը, թե ինչու է այս հարցով ԱԱԾ-ն զբաղվում: Ի՞նչ վտանգ է ներկայացնում Լեզվաբանական համալսարանը Հայաստանի համար»:
Կատարվածին գնահատական տալով` Ս. Զոլյանը նշեց. «Նախնական փուլում երևի թե եղել է կոմպրոմատ հավաքելու միտում: Բայց ես Աշոտյանի և նրա գործընկեր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի համար պատրաստել եմ Եվրախորհրդարանի որոշումը, որը նրանց համար լինելու է ամենամեղմ ձևով ասած ապտակ: Նրանք թող գրեն ԱԱԾ` իմանալով, որ այդ քայլերը վերջիվերջո համարժեք գնահատական են գտնում: Ուղղակի ինձ զարմացնում է այն, որ ԱԱԾ-ն նման պատվերների կատարող է դարձել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԱԾ-ում երևի հարցնում էին, թե ինչու Զոլյանը 2008-ին չէր թողնում մարդիկ գնային հանրահավաք: