«Այս ամենն այն գինն է, որը մենք՝ բոլորս միասին որպես ազգային ինքնիշխանությունը չոտնահարող և արժանապատիվ քաղաքացիներ ու քաղաքական ուժեր` վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար»,-անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներին, իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա իր աջակցությունը հայտնեց բոլոր քաղբանտարկյալներին։ Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը բաց է, և նա չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը․ «Հանուն իր խնդիրների լուծման, ոչ թե երկրի, ժողովրդի։ Նա որոշակի քարտ բլանշ և պատուհան ունի ջարդելու ՀՀ-ում դիմադրությունը և կատարելու իր աշխարհաքաղաքական տերերին տրված խոստումը։ Այդ պատուհանը անընդհատ բաց չի լինելու։ Մենք միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ միասին դիմադրել այդ ճնշումներին և այնպես անել, որ այդ պատուհանը Փաշինյանի համար փակվի, և նա չհասնի իր ուզած արդյունքներին։ Ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունման թեզն է, որն առաջ է մղում անթաքույց ու բաց տեքստով։ Նա փաստացի խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի կողմից թելադրված գործընթաց է։ Ակնհայտ է, որ դա զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձային փոփոխություններով։ Վատ է, որ ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, որ ՀՀ-ն ինքն այնպիսի կորուստներ ունի, որ Ադրբեջանի նման պետությունը ՀՀ-ում կարողանում է օրակարգ ու քայլեր թելադրել՝ ինչպիսիք են կալանավորումները և բռնաճնշումները»։
Արմեն Աշոտյանը ողջունեց ընդդիմադիր ուժերի միավորվելը․ «Դա մեկնարկ է, այդ գործընթացը բարդ է։ Ողջունում եմ այդ փաստը և այն հանգամանքը, որ տարբեր կուսակցություններ կարողացել են մի կողմ դնել իրենց ռազմավարական առանձնահատկությունները և համախմբման ճանապարհ բռնել ռազմավարական ընդհանրության շուրջ ու հանուն։ Սա խնամք է պահանջելու։ Մի քիչ ավելի մեծանալ է պետք շատերին այս դաշտում, հուսով եմ, որ մեր դարդերն այնքան են շատացել, որ իրենց մանկապատանեկան քաղաքական ֆանտազիաները ու խաղերը կարող են թողնել անցյալում»։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































