Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանի, ինչպես նաև Անիի նախկին ոստիկանապետի ընտանիքները չեն ներկայանում դատարան

Ապրիլ 04,2013 17:59 Share

Dat_2 Dat_3Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարությունը:

Սակայն այսօր դատը չկայացավ դատակոչված վկաների չներկայանալու պատճառով: Վկաների փոխարեն դատարան ներկայացավ ոստիկանության աշխատակիցը` տեղեկացնելով, թե ում են փորձել բերման ենթարկել, սակայն չեն գտել: Դատակոչված 4 վկաներից 2-ը ՌԴ-ում են, մեկը` բանակում, մյուսի դռները փակ են: Դատախազը միջնորդեց լսել նրանց նախաքննական ցուցմունքները, սակայն Հարություն Սարգսյանի պաշտպանական կողմն առարկեց` նշելով, որ այս հարցը կարելի է քննարկել մյուս վկաներին լսելուց հետ: «Ես չեմ կարծում, թե Գյումրի քաղաքում դժվար է հասցե փոխած մարդուն գտնել»,- ասաց ամբաստանյալի փաստաբաններից մեկը` Հունան Բաբայանը:

Հարություն Սարգսյանի մյուս փաստաբանը` Լուսինե Սահակյանը, դատավոր Մարտին Սարոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն կա Ղուկասյանների ընտանիքից, ինչո՞ւ նրանք չեն ներկայացնում դատարան: Դատավորը տեղեկացրեց, որ նրանց ծանուցագիր է ուղարկվել դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ, սակայն պատասխան դեռ չեն ստացել: «Դա բավական ժամանակ է»,- արձագանքեց Լուսինե Սահակյանը:

Սպանված Կարեն Եսայանի մոր` Անահիտ Իսկանդարյանի շահերի պաշտպանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատարան չի ներկայանում ամբաստանյալի ընտանիքը: Դատարանը նախորդ դատական նիստի ժամանակ այս ընտանիքի անդամներին, որպես դատակոչված վկաներ  բերման ենթարկելու որոշում էր կայացրել: «Ընտանիքի անդամները ամեն մի դատական նիստի ընթացքում կանգնած են միջանցքում, հիմա ինչո՞ւ չեն ներկայանում», -հարցրեց տուժող կողմի ներկայացուցիչը : Այս հարցին միջամտեց ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը` տեղեկացնելով, որ այսօր Անիի նախկին ոստիկանապետի արյան ճնշումը շատ բարձր է եղել` 210-ի է հասել, նրա դեմ ևս քրեական գործ կա հարուցված և այսօր նրա դատական նիստն էր, նա եկել է ու անմիջապես հետ դարձել: Կարեն Եսայանի մայրը տեղից արձագանքեց. «Եթե իմ ճնշումը չի բարձրանում, թող իրենցը հեչ չբարձրանա»: Ամբաստանյալի փաստաբանները միջնորդեցին դատը հետաձգել ողջամիտ ժամանակով, մինչև որ բերման կենթարկեն վկաներին, այլ ոչ թե մի օրվա տարբերությամբ դարձյալ դատ նշանակեն ու նորից չկարողանան ապահովել վկաներին: Փաստաբանների հետ համամիտ էր նաև դատախազը: Դատավորը սակայն համառորեն որոշեց դատը նշանակել վաղը:

Լուսինե Սահակյանը դարձյալ բարձրացավ տեղից` հարցնելով. «Հարգելի դատարան, ինչպե՞ս է լուծվելու Ղուկասյաններին դատարան հրավիրելու խնդիրը» :Դատավորը պատասխանեց. «Ես ձեզ նոր տեղեկացրեցի, որ ծանուցագիր է ուղարկվել, սակայն դեռ պատասխան չենք ստացել, դուք նորից նույն հարցն եք տալիս» :Լուսինե Սահակյանը շարունակեց. «Հարգելի դատարան, եթե 10 օրվա ընթացքում ձեր ծանուցագրին չեն պատասխանել, ապա 1 օրվա ընթացքում ինչպե՞ս կպատասխանեն»: Դատավորը կարճ կապեց` ասելով. «Դա դատարանի խնդիրն է»:

Դատը կշարունակվի վաղը: Հավելենք, որ ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, մեջբերելով Եվրոպական կոնվենցիան, խնդրեց դատավորին ապահովել Ղուկասյանների ներկայությունը դատարանում, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա հարցեր տալ, հարցուպատասխանի միջոցով բացահայտեն ճշմարտությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930