Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մասնավոր վարդապետության աստիճանի արժանացած հոգևորականներին

Ապրիլ 06,2013 22:10

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Վանական խորհրդի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Տաթևի վանքի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանն ու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Ծիսա-հայեցակարգային հարցերի գրասենյակի Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը ստացան մասնավոր վարդապետության աստիճան:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նորընծա վարդապետներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նրանց բերելով իր օրհնությունն ու շնորհավորանքները: Ուրախություն հայտնելով տվչության առիթով` Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց անհրաժեշտությունը հավատքի խորը ապրում և խոնարհ սիրտ ու հոգի  ունեցող եկեղեցականների` նշելով, որ առանց խոնարհության ու ծառայանվիրումի գիտելիքները չարիք են դառնում անձի համար` նրանում զորացնելով մեծամտությունը: Վեհափառ Հայրապետը հորդորեց Հայր Վարդանին, Շահեին, Միքայելին ու Զաքարիային վարդապետության այս նոր հանգամանքի մեջ առավել պատասխանատվությամբ և եռանդով ծառայել` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն մեր ժողովրդի:

Վերջում հայցելով Աստծու ամենառատ շնորհներն ու զորակցությունը նորընծաներին իրենց առաքելության այդ նոր ճանապարհին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց վարդապետներին և նրանց շնորհեց  վարդապետական լանջախաչեր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                     

Տեղեկատվական համակարգ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930