Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատելության մթնոլորտով իշխանության եկածը չի կարող ավելի լավը լինել». Սարգիս Ավետիսյան

Ապրիլ 11,2013 14:29

«Մեր գերնպատակը համերաշխությունն է, ոչ միայն ընտանիքում, այլև երկրում և ամբողջ աշխարհում:Մենք ունենք ատելության շատ մեծ չափաբաժին երկրում և մեր հասարակությանը չի հաջողվում ատելությունը փոխարինել համերաշխության, որի մեջ իրենց մեղքի չափաբաժինն ունեն, թե’ իշխանությունները, և թե’ ընդդիմությունը»,-այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց  «Համերաշխություն» կուսակցության նախագահ և համանուն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը:

Բանախոսի խոսքով` ատելության մթնոլորտ քարոզելով ոչ մի լավ բանի չի հանգեցնի և մեր երկիրն այսօր գտնվում է խորը ճգնաժամային իրավիճակում, թե’ տնտեսապես, և թե’ հոգեբանորեն: Եվ այսօր երկրում տիրող անարդարության, ազատության բացակայությունը բերում է երկիրը լքելու ցանկության. «Եթե մեր հասարակությունը չգտնի իր ատելությունը հաղթահարող միջոցներ, մենք լավ ապագա ունենալ չենք կարող: Մարդկանց  40%-ը պատրաստ է լքել Հայրենիքը: Մենք կոչ ենք անում, որպեսզի մի պահ կանգ առնել և մտածել մեր երկրի մասին»:

Ավետիսյանը նշեց, որ իրենց  կուսակցությունը ընտրություններից առաջ կոնկրետ առաջարկություն է արել` ձևավորել համերաշխության կառավարություն, և օրենքները լուծել այս համակարգով: Ր. Հովհաննիսյանին առաջարկելով, վերջինս ասել է, որ կողմ է այդ առաջարկին, բայց այն պետք է ներկայացնել նաև նախագահին: «Նախագահին ասվել է, և նա ևս իր համաձայնությունը տվել է, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ես այդ կառավարության մեջ տեսնում եմ բոլոր այն  կուսակցություններին, ովքեր կարող են գաղափար ներդնել, որը պետք է արվի հանուն մեր հասարակության և մեր երկրի: Բոլոր նրանք, ովքեր նպաստում են մեր երկրում ատելություն սերմանելուն` երկրի թշնամիներն են: Սա վերաբերում է, թե’ իշխանությանը, և թե’ ընդդիմությանը»,-ընդգծեց Ավետիսյանը:

Բանախոսն անդրադառնալով  ապրիլի 9-ի դեպքերին, ասաց, որ չի կարելի այսքան փոքր տարածքում, այսքան մեծ ատելության մթնոլորտ  ստեղծել, որտեղ դժվար է հասկանալ, թե ով է մեղավոր. «Ատելության մթնոլորտով իշխանության եկածը չի կարող ավելի լավը լինել: Եթե ամեն բան մնաց նույնը, ամեն բան կարող է ավելի վատթարանալ: Նախագահը մնալով նույնը կարող է փոխել իրավիճակը»:

Ինչ վերաբերում է առաջիկա ավագանու ընտրություններին, պրն. Ավետիսյանն ասաց. «Սա ի սկզբանե համարում եմ սխալ ընտրություններ և հայ ժողովրդի իրավունքների կոպիտ ոտնահարում: Չի կարելի երկու տիպի ընտրություններ անել: Չէ որ սա համայնքապետի ընտրություն է և նա պետք է զբաղվի ենթադրենք աղբահանության խնդրով, այսինքն ոչ քաղաքական, բայց ովքեր որ գրել են այս օրենքը, այստեղ քաղաքական ընտրության մասին է խոսքը: Ստացվում է, որ քաղաքական կուսակցության պետք է ընտրես: Կարող է ես Տաոն Մարգարյանի կողմնակից եմ, բայց Հանրապետական կուսակցության կողմնակից չեմ: Ինչի՞ համար ես պետք է քվեարկեմ այդ կուսակցության օգտին: Այսինքն Երևան համայնքի աղբը թափելու համար գաղափարապե՞ս պետք է քվեարկեմ »,-զարմանքով ասաց Ավետիսյանը;

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930