Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի ապագա ճարտարապետները արգելոց-թանգարանում ունկնդրել են դասախոսություն

Ապրիլ 27,2013 17:55

Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանը հյուրընկալել է Քլերմոն Ֆեռանի /Ֆրանսիա/ ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողների, որոնք Երևան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում: Պարբերաբար կազմակերպվող ուսանողների փոխանակություններն այս տարի արդեն 17-րդն են և նպատակ ունեն տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակում կատարել  ճարտարապետական միջավայրի վերլուծություն:

  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ով նաև դասավանդում է Քլերմոն Ֆեռանի ճարտարապետական դպրոցում, Էրեբունի թանգարանում վարել է բաց դաս` հանդես գալով հայկական ճարտարապետության մասին ներածական դասախոսությամբ: Նա ֆրանսիացի ապագա ճարտարապետ-քաղաքաշինարարներին ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը և մասնավորապես անդրադարձել է խորհրդահայ ճարտարապետներ  Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Կ. Հալաբյանի ճարտարապետական ժառանգությանը:  Արև Սամուելյանը նաև տեղեկացրել է, որ ուսանողները գործնական աշխատանքներ կիրականացնեն Երևանում պահպանվող Կիրովի անվ. գործարանի բանավանի բնակելի թաղամասում, որը կառուցվել է 1932թ. և այդ օրինակի վրա կփորձեն մասնագիտական վերլուծություն կատարել:  Ա. Սամուելյանը խորհրդանշական է համարել այն, որ 1-ին անգամ Երևանում գտնվող ուսանողները ծանոթությունը մայրաքաղաքի հետ սկսել են հենց Էրեբունի հնավայրից:

Ուսանողներն այնուհետև դիտել են Էրեբունի թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են  «Հողի հիշողությունը. Արցախ» ժամանակավոր ցուցահանդեսին և այցելությունն ավարտել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում:

   «Էրեբունի» արգելոց-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930