«Մարտունու կանանց համայնքի խորհուրդ» հ/կ ներկայացուցիչ Եղիազար Դավթյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Նոր Նորք համայնքը: Բոլոր 37 ընտրատեղամասերում կազմակերպությունն ունի մեկական դիտորդ: Այս պահի դրությամբ դեռ լուրջ ընտրախախտումներ չեն գրանցել, հիմնականում արձանագրվել են թեթևակի խախտումներ, որոնք իրենք արձանագրել են:
Ըստ դիտորդների` մի քանի ընտրատեղամասերում գրանցվել են դեպքեր, երբ առավոտյան դեռևս ընտրատեղամասը չբացված՝ բավական մեծ թվով մարդիկ արդեն սպասել են տեղամասի առաջ: Տեղամասերից մեկի քվեախցում այս կազմակերպությունը ներկայացնող դիտորդները գտել են բաց ծրարներ, ներկայացրել են հանձնաժողովի նախագահին և վերջինս արձանագրություն է կազմել: «Միայն մեկ փաստ կա, երբ օգնելու նպատակով ընտրախուց մտած քաղաքացին փորձել է կրկնակի քվեարկություն իրականացնել, այս դեպքում ևս դիտորդների միջամտությամբ դեպքը կանխվել է և կազմվել է արձանագրություն»,-պարզաբանեց Դավթյանը:
Հ/կ ներկայացուցիչը դիտորդական առաքելություն իրականացնող մարդկանց անունից փոխանցեց, որ այս պահի դրությամբ տեղամասերի առջև կուտակումներ չկան:
«Շրջիկ այցերի ժամանակ մեր դիտորդները, սակայն, նկատել են, որ դպրոցի բակում կան մարդկանց փոքր խմբավորումներ, որոնք փոխանցել են, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են և պարզապես զրուցում են»,-փոխանցեց Եղիազար Դավթյանը :
Կարդացեք նաև
Ըստ նրա` 2/12 տեղամասում նկատվել է, որ ինչ-որ երիտասարդ հեռախոս էր փոխանցում ընտրատեղամաս մտնող մարդկանց, ովքեր դուրս գալուց հետո հեռախոսը վերադարձնում էին այդ տղային: Ենթադրվում է, որ հեռախոսը ընտրողներին տրվում էր իրենց քվեաթերթիկը նկարելու նպատակով: «Երբ մեր դիտորդները փորձել են մոտենալ երիտասարդին, նա արագ լքել է տեղամասի տարածքը և, ցավոք սրտի, չունենք այդ փաստը ֆիքսած որևէ լուսանկար»,- եզրափակեց հ/կ ներկայացուցիչը:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ


















































