Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Նավասարդյան. «Մարդիկ սովոր չեն, որ հաշմանդամություն ունեցողն էլ կարող է սիրահարվել»

Հունիս 14,2013 11:00

Գոհար Նավասարդյանը (լուսանկարում) տեղաշարժվում է սայլակով, նա 23 տարեկան է, եւ արդեն 10 տարի է հաշմանդամություն ունի, բայց կյանքը աղջկան չի «կոտրել»: Գոհարը հաճախ է մեջբերում  հայտնի արտահայտությունը՝ այն ինչ իրեն չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Այժմ Գոհարն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ)  911 ծառայությունում որպես օպերատոր եւ սովորում ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսի հեռակա բաժնում: Գոհար Նավասարդյանն ասում է, որ այդ նախարարությունում աշխատում է 15՝ առաջին կարգի հաշմանդամ, որոնք տեղաշարժվում են սայլակով: Նրա փաստմամբ, բոլոր գերատեսչություններից միայն ԱԻՆ-ն է հարմարեցված է հաշմանդամների համար:

«Տարածված մի կարծրատիպ կա՝ մարդիկ սովոր չեն, որ հաշմանդամություն ունեցող մարդն էլ կարող է սիրահարվել, ընտանիք կազմել, ինչպես բոլորը: Մանավանդ,  երբ ամուսնանում են հաշմանդամություն չունեցող անձանց հետ, դա հրաշքի է նմանվող ինչ-որ բան է, բայց ուրախալի փաստ: Հաճելի է, որ նման դեպքերը հաճախակի են դարձել, մինչդեռ մի վեց տարի առաջ նման զույգերի մատների վրա կարելի էր հաշվել: Շատ ուրախ եմ, որ հակառակ հասարակության թերահավատության, թե նման ընտանքիները չեն կարող երջանիկ լինել,  ամուր ու մեծ սիրո վրա են  հենված լինում»,-ժպտում է Գոհարը:

Ասում է, որ ունի շատ լավ ընկերներ, որոնք ամուսնացել են հաշմանդամություն չունեցող մարդկանց հետ եւ   գեղեցիկ ընտանիք են կազմել:

Խոսելով հաշմանդամության խնդիրները բարձրաձայնող՝  Բրիտանական խորհրդի նախաձեռնած «IDEAS  ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրրի «Future Search» համաժողովի մասին, մեր զրուցակիցը նշում է. «Համաժողովը եւս մեկ անգամ կամքի ուժ, պայքարելու ձգտում տվեց, այն  էմոցիաները, որ ժամանակի ընթացքում մեկ արթնանում, մեկ քնում են, այսօր հորդում են,  մտածում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ հավատով ու հույսով շարժվելու ենք առաջ»: Գոհարի համոզմամբ,  միշտ պետք է պատրաստ լինել նոր ծանոթությունների, լինել ինքնավստահ ու շփվող. « Մարդիկ քեզ այնպիսին են ընդունում, ինչպիսին ինքդ ես քեզ ներկայացնում»:

Համաժողովի ժամանակ հանդիպեցինք նաեւ Արագածոտնի «Ծիծեռնակ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունից Անժելա Հովհաննիսյանին: Տիկին Հովհաննիսյանն էլ հիշեց  բազմաթիվ հետաքրքրիր դրվագներ իրենց պրակտիկայից ու  մասնավորեցրեց հատկապես մեկը. իրենց շահառուներից Արման Հովհաննիսյան անունով տղան, որը լսողական խնդիր ուներ սիրահարված էր հաշմանդամություն չունեցող մի աղջկա: «Չէի հավատում, թե նրանք կամուսնանան: Տարիներ անց տեղեկացա, որ ամուսնացել են, նորմալ ընտանիք են կազմել, ծնողներն էլ չեն ընդդիմացել: Այժմ զույգը առողջ երեխա ունի: Պետք է փշրել կարծրատիպերը եւ ապացուցել, որ եթե կա իսկական սեր, ամեն խնդիր հաղթահարելի է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930