Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային գործակալը

Հունիս 22,2013 12:42

-Կա՛ց,- որոտաց ֆիդայի Վրեժ Իսրայելյանը

Խորհրդային տարիներին էր, Ղարաբաղյան շարժումից 3-4 տարի առաջ: Վրեժ Իսրայելյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը, ես, եւ էլի մի քանի հոգի՝ գնացինք Ղարաբաղ՝ մեր հանդեսների համար նյութեր բերելու: Մեծ դժվարությամբ մեր իշխանությունները համաձայնեցին, որ գնանք, քանի որ Ղարաբաղի՝ Բաքվից նշանակված իշխանությունը, մանավանդ լրագրողների՝ բարեհաճ չէր ընդունի: Այդպե՛ս էլ կար: Արգելում էին այս կամ այն բանը լուսանկարել, իսկ երբ հայկական գորգերի գործարան փորձեցինք մտնել, ասացին՝ միա՛յն Բաքվի հատուկ թույլտվությամբ: Մեր խմբին հայազգի մի թուրքամետ գործակալ էին կցորդել, որ մեր ամեն մի քայլի մասին զեկուցեր վերեւներին:
Մի քանի օր շրջում էինք Ղարաբաղով մեկ: Եվ երբ այցելեցինք Արվեստի դպրոց, ես՝ հիացած աշակերտների աշխատանքներով, առաջարկեցի նկարները Երեւան տանեմ՝ ցուցահանդես բացելու: Արվեստի դպրոցի ուսուցիչներն ասացին՝ գրեթե անկարելի բան ես առաջարկում, որովհետեւ մշակույթի գործիչներս այստեղ հալածանքի տակ ենք, մեզ էլ հետո դառը պատասխանատվության կենթարկեն: Մանավանդ, ասացին՝ ձեզ ուղեկցողն էլ հայահալածության բազում վատ գործերի հեղինակ է:
-Լա՛վ,- ասացի,- գիշերը տասն անց կես- տասնմեկին, աշխատանքները մի քանի կապոցներով հյուրանոց կբերեք, գործակալն արդեն գնացած կլինի:
Մեր այս զրույցի ժամանակ, Վրեժն ու Սպարտակը զբաղեցնում էին գործակալին, որ չկարողանար խանգարել:
Երեկոյան գործակալը, ինչ արեցինք, հյուրանոցից տուն չէր գնում:
-Թուղթ խաղանք, եթե տարվես՝ գնալո՛ւ ես, որովհետեւ ուզում ենք քնել,- առաջարկեց Վրեժը: Մի շարք անգամներ գործակալը թուղթ ու շախմատ տարվեց, բայց չգնաց: Սա ինչ- որ բանի հոտ է առել, փսփսացինք իրար ականջի: Ի վերջո, Վրեժ Իսրայելյանը չդիմացավ.
-Հո անասո՛ւն չես,- պոռթկաց նա,- գնա՛, որ մենք էլ հանգստանանք:
Ո՛չ վիրավորվելու նշան ցույց տվեց եւ ո՛չ էլ պատասխանեց: Սպասում էր:
Եվ ահա ժամը տասն անց կես- տասնմեկին, Արվեստի դպրոցի ուսուցիչներից մեկը, առանց դուռը թակելու, ինչպես որ պայմանավորվել էինք, նկարների փաթեթավորված կապոցով՝ ներս մտավ: Ես գլխով ցույց տվեցի, թե` կապոցը կողքի սենյակում դիր: Դրեց ու առանց որեւէ խոսք ասելու՝ գնաց: Տեսավ, որ վտանգավոր մարդը դեռ մեզ հետ է: Ուսուցիչն այնպես էր զգեստափոխվել, որ գրեթե չճանաչեցի: Մի բան, որ կրկին խոսում էր Արցախում հալածանքների լրջության մասին: Քիչ անց մյուս ուսուցիչը մտավ եւ նույնն արեց: Նա էլ էր, գրեթե անճանաչելության չափ՝ զգեստափոխված: Որքան էլ փորձեցինք գործակալի տեսադաշտը փակել, չստացվեց, տեսա՛վ.
-Այդպե՛ս էլ գիտեի, գաղտնի բաներ եք տանում- բերում, կազմակերպում,- հեգնանքով նետեց գործակալը:
-Երեխաների նկարներ են,- ասացի ես, -տանում եմ Երեւան, որ ցուցահանդես բացենք:
-Ո՞ւր է հեռախոսը,- ասաց գործակալը, եւ ապա տեսնելով հեռախոսը՝ ձեռքը գցեց խոսափողին:
Այդ պահին նշանավոր արձակագիր Վրեժ Իսրայելյանն արդեն ֆիդայի՛ Վրեժ Իսրայելյանն էր.
-Կա՛ց,- որոտաց ֆիդայի Վրեժը եւ խորհրդային տարիների ծանր ջրամանը, որ գրաֆին էինք ասում, հայտնվեց Վրեժի ձեռքում:
-Եթե ձեռքդ հեռախոսից ետ չքաշես, գլուխդ կջարդե՛մ: Մի՛ քանի վայրկյան ունես:
Գործակալը սփրթնեց, խիստ վախեցավ եւ ձեռքն արագ հեռախոսից ետ քաշեց:
-Միթե այդքա՛ն անասուն ես, միթե հայկական, մի՛ պտղունց, ազնիվ մի՛ բան դեռ չի՞ մնացել քո մեջ, մի քանի օր մեզ հետ կերա՛ր-խմեցիր, որ հիմա մե՞զ մատնես,- որոտալով հանդիմանում- խրատում էր Վրեժ Իսրայելյանը:
-Բա ի՞նչ անեմ,- արդարանում էր գործակալը,- եթե չմատնեմ, իմ վերջը կտան: Միայն Մաքսիմը պատասխան կտա: Դուք վաղը կարող եք գնալ Երեւան:
-Մենք չորս- հինգ հոգի ենք, նախապե՛ս մենք քո վերջը կտանք: Կարո՛ղ ենք, չէ՞,- ասաց Վրեժը:
-Կարո՛ղ եք,- կմկմաց վախեցած գործակալը: -Լա՛վ, էլ ինձնից վտանգ մի՛ սպասեք, թողեք գնամ:
-Ո՛չ,- որոտաց Վրեժը,- մինչեւ Մաքսիմից ներողություն չխնդրես, չե՛ս կարող գնալ:
-Կներե՛ս,- ասաց ինձ գործակալը:
-Մեզանից էլ պիտի ներողություն խնդրես,- շարունակեց խրատել Վրեժը: Եվ Արվեստի դպրոցի ուսուցիչներին էլ, խոստացի՛ր, որ չե՛ս մատնի:
Խոստացավ, ներողություն խնդրեց ու գնաց:
Վրեժ Իսրայելյանի խրատական քարոզից, գուցե, մարդկային մի բան առաջացա՞վ գործակալի մեջ:
Երեւանում նկարների կապոցները հանձնեցի «Ծիծեռնակ» ամսագրի շքեղաշուք նկարիչ Անդրանիկ Կիլիկյանին: Եվ նա հիանալո՜վ- հրճվելո՜վ՝ խմբագրության միջանցքում՝ ցուցահանդես բացեց: Ցուցահանդես, որ գործեց մի քանի տարի: Կարծեմ, Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ ցուցահանդեսը դեռ կար: Նկարներից հրատարակվեցին թե՛ «Պիոներ» եւ թե՛ «Ծիծեռնակ» ամսագրերում:
Բայց նկարները, եւ նաեւ ես՝ Երեւան հասանք նշանավոր արձակագիր Վրեժ Իսրայելյանի, իմ ավագ, ճշմարիտ ֆիդայի գրչեղբոր քաջության շնորհիվ:
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930