Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էլ լինի Սյունիքի մարզպետը` լինելու է միայն համակարգի օղակներից մեկը

Հուլիս 06,2013 23:05

Սյունիքի բոլոր քաղաքներում, ընդհանուր առմամբ, դրական են ընդունել ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը:  Բնակիչները մի կողմից նշում են, որ կարեւորն այն է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չէ այլեւս ղեկավարելու մարզը, մյուս կողմից, որ շրջանառվող թեկնածուներից հենց իրեն է վստահվել այդ պաշտոնը, քանի որ հնչեցված մյուս անուններն արժանի չէին մարզպետի պաշտոնին: Թեեւ քիչ չեն նաեւ Վահե Հակոբյանի ընտրությունից դժգոհողները, ովքեր կարծում են, որ նա հարմար թեկնածու չէ, քանի որ պատգամավոր եղած ժամանակ ԱԺ նիստերին Սյունիքի խնդիրների բարձրաձայնմանը ակտիվություն չի ցուցաբերել:

Սիսիան քաղաքում լավ են ընդունել եւ գոհ են, որ հենց Վ. Հակոբյանն է մարզպետ լինելու, քանի որ նա ավելի գործունյա է, քան մյուս թեկնածուները: Սիսիան քաղաքի բնակիչ Արա Հարությունյանը կարծում է, որ ցանկացած պաշտոնյայի փոփոխություն ժողովրդի մեջ լավատեսական հույսեր է արթնացնում եւ ժողովուրդը դրական է վերաբերվում փոփոխություններին: «Մարզպետն իրականացնում է պատվիրակված լիազորություններ եւ մարզպետի փոփոխությունը հարաբերական հասկացություն է՝ ում համար լավ, ում համար վատ: Ինձ համար Ս. Խաչատրյանը լավ մարդ ու լավ մարզպետ էր: Վ. Հակոբյանի հետ դեռեւս չեմ շփվել, սակայն միայն լավն եմ լսել: Նրան ճանաչողները պնդում են, որ նա լավ պատգամավոր է եւ առավել եւս՝ լավ մարդ: Պատգամավոր եղած ժամանակ նա բազմիցս աջակցել է նաեւ սիսիանցիներին, ճիշտ է, որոշ պաշտոնյաներ փորձել են խանգարել նրան, սակայն դա չի խոչընդոտել Վ. Հակոբյանին աջակցելու սիսիանցի փոքրիկներին: Նախապես շնորհավորում եմ Վ. Հակոբյանին եւ վստահ եմ, որ նա կլինի յուրաքանչյուր սյունեցու մարզպետը», – ասաց նա:

Գորիսի բնակիչ Մարատ Դադունցն էլ հույս հայտնեց, որ Վահե Հակոբյանը կկարողանա համախմբել մարզի քաղաքական, տնտեսական, հասարակական կառույցներին եւ զերծ մնալով կլանային շահերից ու արատավորությունից՝  արդարացի կկառավարի մարզը՝ բազում խնդիրներին լուծումներ գտնելով: «Ապագա մարզպետը երիտասարդ է եւ կարող է խնդիրներին նայել նոր սերնդի տեսանկյունից: Բայց ընդհանուր կտրվածքով, ով էլ լինի մարզպետը այս համակարգում, նա լինելու է միայն համակարգի օղակներից մեկը, իսկ եթե համակարգը արդեն փուչ է եւ նեխված, անձերն այստեղ միայնակ անկարող են ինչ որ բան փոխելու», – նշեց Գորիսի բնակիչը եւ հավելեց, որ ինքը տարբերություն չի դնում, թե մարզպետը գորիսեցի է, կապանցի կամ այլ քաղաքի բնակիչ:

«Ես զարմանում եմ, որ մարդիկ  ընդհանրապես տարբերություններ են դնում հայերի մեջ: Մարդը իր բարոյական հատկանիշներով, անցյալով, բարությամբ կրթությամբ պետք է բարձր լինի, իսկ ծնունդով որեւէ տեղից լինելը ` կապանցի, գորիսեցի, լոռեցի, երեւանցի…ընդհանրպես քննարկելը այս մի բուռ մնացած հայերի մեջ, անմտություն է : Եթե մարդը մեծ արժեհամակարգ ունի, հայրենասեր է, բարոյապես մաքուր անցյալ ունեցող գերդաստանից սերված հայ է, ի՞նչ կապ ունի թե որտեղի ծննդատանն է ծնվել: Իսկ եթե մեկը իր ողջ էությամբ տականք է, ապա եթե անգամ քո մոտ հարազատն է, դրանից նրա կերպարը չի փոխվում», – ասաց նա:

Կապանցի Նվարդ Սարգսյանն էլ  առավելություն է համարում երիտասարդ մարզպետ  ունենալը:

«Երիտասարդ է ու ավյուն կա, դա շատ մեծ պլյուս է,  ինձ համար կարեւոր է նաեւ նրա բոլոր էտապներում ստացած դաստիարակությունը, որը բացասական հետքեր չի պարունակում, ինչը միայն առավելություն է:  Հաջորդը`  նա ապահովված է, իսկ հոր ֆակտորը` ի դեպ բարեբախտություն է զավակի համար, երբ ունենում ես կողքիդ խելացի ու փորձով իմաստնացած ծնող, վստահ եմ, որ Վահեն իր գիտելիքները եւ բոլոր մյուս արժանիքները , ինչու չէ նաեւ նաեւ հոր օժանդակությամբ (հայրը հիմա առավել եւս կներդնի իր ուժերը) իր եռանդն ու գիտելիքները կներդնի ի նպաստ մեր մարզի ու մարզկենտրոնի բարօրության:

Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը գտնում է, որ մի տեսանկյունից լավ է, երբ մարզպետը տարածաշրջանի մարդ է լինելու եւ ոչ թե դրսից եկած,  մյուս առավելությունն էլ այն է, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը լինելով նրա հայրը, կոմբինատի միջոցներից ներդրումները մարզում կավելացնի, թեեւ գտնում է, որ ընդերքի ողջ հարստությունը ժողովրդինը պետք է լինի: «Ճիշտ է՝ ընկերություն այսօր շատ աշխատատեղերի հարց է լուծում, բայց չպետք է մոռանանք նաեւ, որ ընդերքի հարստությունը դա ժողովրդի հարստությունն է եւ բնակչությունն այսօր պետք է մեծ բաժին ունենա, միեւնույն է վաղ թե ուշ այդ հարստությունը ժողովրդին է վերադարձվելու: Կոմբինատը ինչ-որ ներդրումներ, գործեր անում է մարզում, չեմ կարող դա ժխտել, նույնիսկ մինչեւ 2009թ. «Ազատամարտ» կոմիտեին էլ  էր ֆինանսապես աջակցում, սակայն 2009թ-ից մինչեւ օրս ոչ մի աջակցություն այդպես էլ չի հատկացրել, իսկ վիրավոր եւ զոհված ազտամարտիկների ընտանիքներն այսօր բոլորս էլ գիտենք ինչ վատ պայմաններում են ապրում: Ի վերջո չպետք է մոռանալ, որ այդ տղաների շնորհիվ է նաեւ կոմբինատն այսօր աշխատում եւ  ու մեծ եկամուտ ապահովում: Որպես հզոր հանքարդյունաբերական ընկերություն՝ պետք է ավելի շատ պարտականություններ ստանձնեն, պարտավորված զգան աջակցելու, ինչպես ազատամարտիկներին, այլեւ՝ ողջ հանրությանը, որպեսզի վաղը կամ մյուս օրը մի բան լինելու դեպքում ժողովուրդն իրենց կողքին կանգնած լինի»,-ասաց ազատամարտիկ, Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վերնագրում ամեն ինչ ասված է, ուղակի՝ չափազանց մեղմ:

  2. Արմեն says:

    Ախր ժողովուրդ ջան, պարտադիր չի որ պատգամավորը ամբիոնից խոսա, որեւէ մեկը հետաքրքրվել է, որ հենց Վահե Հակոբյանի միջնորդագրերով, գրավոր հարցապնդումներով ինչքան հարց է լուծվել մարզում: Դա դժվար չէ պարզել:

  3. Միհրան(Գորիս) says:

    Ճարտար գյուղի նախագահի վերընտրության ժամանակ իր ելույթում գյուղի նախագահն ասել է.
    “Ամեն ինչ ունեմ: Մնում է միայն աշխատել”: Եվ իր աշխատանքով դարձավ սոցիալիստական աշխատանքի հերոս:
    Հայրս ասում էր.”Տղաս, այնպես կապրես, որ քո անունը տալուց երեխադ տակ չուտի”:
    Մաքսիմ Հակոբյանի տղան, հարգելի Վահեն, տակ չի կերել: Վստահ եմ, որ Վահեն ել այդպես կշարունակի:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հոգնեցինք Քաջարանի հանքային կլանի կամակատարների «անկախ» կարծիքներից: Հատկապես երբ դա գալիս է ամբողջությամբ քաջարանի հանքի փոսից ֆինանսավորվող Կապանի «Սոսի TV»-ի աշխատողների բերանից:

    Ախր ի՞ նչն է «դժվար» հասկանալ. Սյունիքի 2/3-ը աղքատ/չքավոր է, իսկ 3-4 ընտանիք ՀԱՓՇՏԱԿԵԼ է մարզի ամբողջ ընդերքը,ստեղծել ԿԼԱՆ ու իր կլանի անդամներին «ձրի» պաշտոնների է նշանակում: ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ ի՞ նչ կարևոր է,թե կլանի որ անդամը կնստի աթոռին:

    ՀԳ. Իսկական ժուռնալիստը չպիտի միայն այս ու այն քաղաքով պտտվի ու գրի միայն թե Պողոսն ու Պետրոսը X-ի կամ Y-ի մասին ինչ կարծիք ունի: Իսկական ժուռնալիստը ՊԻՏԻ նաև հետաքննող-վերլուծական հոդված գրի:

  5. Maxim says:

    Հարգելի՝ Վարազ Սյունի: Միանգամայն համամիտ եմ Ձեր մեկնաբաբության հետ, բացի մի բանից:
    Ժուրնալիստը՝, լրագրողը արսօր անում է շատ ավելին, քան իրենց մտավորական կոչող բոլորը՝
    միասին վերցրած: Ես այս ամենը տեսնում եմ մոտիկից,՝ իմ աչքերով: Հեռվից տպավորությունը, քիչ
    այլ է: Այստեղ՝ իմ և Ձեր հայրենիքում տեղի է ունենում համատարած բարոյալքում, որտեղ ամեն ինչ,
    որը նյութական չէ, կրկնում եմ,՝ որը նյութական չէ, կարելի է գնել ու վաճառել 5-10 հազար դրամով:
    Այս խաղի կանոնները թելադրված է երկրի առաջին դեմքից սկսած, և իրականացվում է թաղի խուժանի ձեռքերով: Ես երբեք չեմ պատկերացրել, որ իմ ազգի մտավորականը ընդհամենը թուղթ
    սևացնող է և ուրիշ ոչինչ, ազգի համար մտահոգվելը նրան չի վերաբերվում: Եթե ականատես լինեք
    երիտասարդության վիճակից, որի 90%-ը պատրաստ է իր երկիրը լքել դեպի անորոշություն, ապա
    կպատկերացնեք աղետի մասշտաբը: Այս ամենը կատարվում է Հայի կողմից,՝ Հայի հանդեպ: Օրերս,՝
    ես եղել եմ Կապանում և ականատես եղել աղետի ու թալանի մասշտաբներին: Գտեք ժամանակ և հնարավորություն, եկեք գոնե մեկ ամսով հայրենիք, միացեք ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ շարժմանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031