Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Իմաստը ո՞րն է ամբողջ ուղղվածությունը տանել՝ Տարոն ջան, սիրուն չի»

Հուլիս 22,2013 21:04

Այսօր մի շարք հայտնի մարդիկ միացան «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի նախաձեռնողներին: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շոումեն Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, քաղաքագետ Կարեն Քոչարյանը եւ այլոք սեփական մեքենաներով օգնում էին մարդկանց անվճար տեղափոխվել քաղաքի մի հատվածից մյուսը:

Նրանց օրինակին հետեւում էին նաեւ ոչ հայտնի մարդիկ` ովքեր մեքենա ունեն: Ընդդեմ 150 դրամ ուղեվարձի Ֆեյսբուք սոցիալական ցանցում բավական ակտիվ է նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Aravot.am-ը պարոն Կարապետյանից հետաքրքրվեց` չի՞ պատրաստվում միանալ ակցիայի մասնակիցներին: «Ակցիային միանալ չեմ կարող, որովհետեւ մեքենա վարել չգիտեմ»,- ասաց պարոն Կարապետյանը` հավելելով, որ իր ծառայողական մեքենան կմասնակցի ակցիային: Բայց, Արամ Կարապետյանն, ով կողմնակից է տարբեր ակցիաների կազմակերպմանը, պայքարելուն, այդքան էլ խանդավառված չէ հայտնի մարդկանց սույն պահվածքով. «Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ուղեւոր փոխադրելը պատգամավորի եւ մնացած հայտնի մարդկանց անելիքը պետք է լիներ: Ինքներս էլ կմասնակցենք ակցիային, բայց ինչ-որ մի բան ճիշտ չէ էլի, որ պատգամավորը պիտի գնա վարորդի փոխարեն գործ անի: Այսինքն, ի՞նչ. հիմա պատգամավորը պիտի դառնա վարորդ, վարորդն էլ պատգամավո՞ր»:

Դիտարկմանը` պայքարի այլ տարբերակ ունե՞ք, այդ մարդիկ այդ պահի համար դա են ճիշտ համարել, մեր զրուցակիցը հակադարձեց. «Մեր կուսակցությունը միշտ ակտիվ է եղել. բոլոր առիթներով էլ քաղաքական այն խնդիրները, որոնք պետք էր անել` արել ենք, բայց ես կողմնակից եմ, որ խնդիրները հանգամանալից լուծում ստանան: Հիմա մենք պայքարում ենք ուղեվարձի թանկացման դեմ, բայց մինչ այդ ԲՈՒՀ-երում ուսման վարձերը թանկացան ու ակտիվիստների կողմից պայքար չեղավ, կամ` ՌԴ-ում շատ հաճախ են մեր հայրենակիցներից զոհվում` տարբեր պատճառներով, բայց խալաթի համար պայքարը շատ ակտիվ եղավ…Այսինքն, ես միշտ կողմնակից եմ, որ պայքարը լինի արդար, որեւէ մեկի կողմից չուղղորդվի, քանի որ այդ ակցիաների մասնակիցների 90 տոկոսն ազնվորեն է գնում պայքարի: Մեկ էլ հանկարծ Մաշտոցի պուրակի պատմությունը չկրկնվի, պարզվի, որ` գեղեցիկ չի, Տարոն ջան: Նման բաներից   հետո հիասթափությունը շատ մեծ է լինում, որովհետեւ պայքարողների մեծ մասն իսկապես անկեղծ է պայքարում»:

Հետաքրքրվեցինք` կոնկրետ այս դեպքում ինքն ուղղորդում տեսնո՞ւմ է: «Չգիտեմ: Խոսքը Նիկոլին եւ Կարեն Քոչարյանին չի վերաբերվում, բայց ես չեմ հիշում ընդդիմության ինչ-որ մի միջոցառում` իշխանության դեմ գնացող, որոնց ժամանակ անգամ բախումներ, վիրավորներ ու զոհեր են եղել, որոնց այդ հայտնիներից որեւէ մեկը մասնակցեր, գար ու ինչ-որ ձեւով փորձեր օգնել: Ինչքան էլ հիմա ինձ կքարկոծեն, բայց կան ճշմարտություններ: Հարյուրավոր գործընթացներ են եղել ու ոչ պակաս կարեւոր հարցեր…չեմ ուզում վատաբանել, տա Աստված, որ հիմա իսկապես դանակը ոսկորին է հասել կամ հասարակությունն է աճել, քանի որ այդ ակցիաների մասնակիցների մեծ մասը, կրկնում եմ, անկեղծ է պայքարում»,- ասաց Արամ Կարապետյանը` հավելելով, որ բոլոր այն մարդիկ ովքեր այս առիթով բերում են Բրազիլիայի օրինակը, ակնհայտ է, որ որեւէ մեկն այդ օրինակը չի ուսումնասիրել. «Սկսենք նրանից, որ Բրազիլիայի նախագահը առաջին բանը, որ արեց, դա կառավարության արտահերթ նիստն էր, իսկ Սերժ Սարգսյանը նստեց ինքնաթիռ եւ փախավ-փախավ հեռու: Այսինքն` ինքը կապ չունի՞: Շատ վատ բան են արել ուղեվարձը թանկացնելով, բայց միթե՞ Հայաստանում կա մարդ, ով համոզված է, որ Տարոն Մարգարյանն ինքնուրույն է դա արել: Այսինքն` Տարոն Մարգարյանի դեմ պայքարում են, բայց ինչի՞ բոլորը միասին Բաղրամյան 26 չեն գնում: Եթե որեւէ մեկը գտնում է, որ Տարոն Մարգարյանը դա արել է ինքնուրույն, ուրեմն, կամ ես Հայաստանում չեմ ապրում, կամ` այդ մարդը: Հիմնական գործողությունը կատարել են նախագահն ու վարչապետը, իմաստը ո՞րն է ամբողջ ուղղվածությունը տանել` Տարոն ջան, սիրուն չի: Միեւնույն է, պայքարում ենք, դե եկեք հավաքվենք բոլորովս,  մի անգամ պայքարենք ու վերջացնենք: Այստեղ է, որ ուղղորդումների խնդիրն իմ մոտ առաջանում է, շոու են սարքում, որ հետո ցույց տան` թե ինչ-որ մեկը եկավ ու հարցը լուծեց: Այս երկրում եղած բոլոր մեղքերի համար մեղավոր է Սերժ Սարգսյանը եւ պայքարել պետք է Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի դեմ ու թող ոչ ոք մեզ չշեղի դրանից` տարբեր ձեւերով»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031