Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանի անկեղծ զրույցը. «Ընենց չի, որ մենք մաքրվել ենք»․ (Տեսանյութեր)

Հուլիս 22,2013 23:32

«Գիտեք ինչ, մեր շարքում ընենց չի, որ մենք մաքրվել ենք, այսօր առավոտյան արթնացել ենք ու մեր մոտ իդեալական է: Մեր ոստիկանության պետի հրամանն է, որ մենք հայտնաբերենք մեր շարքերում վատ ոստիկանին»,- այս խոսքերի հեղինակը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է: Այսօր Մաշտոցի պուրակում նա այսպես անկեղծ զրույցի բռնվեց 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների հետ եւ սկսեց մեկ առ մեկ քննարկել քաղաքացի-ոստիկան հարաբերությունները:

Օսիպյանի բացատրելով՝ իր տեղեկություններով քաղաքային իշխանությունները ստիպված են գնացել այդ քայլին, որովհետեւ այլեւս հնարավոր չէր տեխնիկապես տրանսպորտային միջոցները պահել սարքին վիճակում:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկվում քաղաքացիներ՝ ակցիայի շրջանակներում՝ նա պատասխանեց. «Կենթարկվեն բոլորը՝ կարգ  խախտողները կենթարկվեն օրենքի պատասխանատվության: Չկա անպատժելի մարդ: Բոլորը օրենքի առջեւ հավասար են: Պետք չի մի ակցիա անել՝ խանգարել մեր մյուս քաղաքացիներին»:

Հարցին, երբ հայհոյում, վիրավորում են ակտիվիստներին, իրենց ինչո՞ւ չեք բերման ենթարկում՝ Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը այստեղ է, որ պահպանի հասարակական կարգը, մատնանշեք, ցույց տվեք՝ առաջինը ես կմոտենամ: Ցույց տվեք այդ ոստիկանին, որ հայհոյել է, ես կպատժեմ»:

Վալերի Օսիպյանը դժգոհ էր, որ ակտիվիստները անհարգելի վարք են դրսեւորում ոստիկանների նկատմամբ:

Հենց մի դեպք նշում էին ակտիվիստները, որտեղ ոստիկանն իրեն ճիշտ չի պահել՝ պարոն Օսիպյանը խոստանում էր տեսանյութը նայել, նոր գնահատական տալ. «Մի հատ պետք է նայենք, միակողմանի պատիժ չի լինում, մյուս կողմն էլ պետք է նայենք: Ես չեմ արդարացնում ոստիկանների գործողությունները, բայց ձեր բոլորի մոտ մի հատ շատ վատ բան կա, որ ամեն ինչի մեջ եկեք մի հատ լավն էլ տեսեք»:

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ բողոքի, ընդվզման մի օրինական ձեւ կարո՞ղ եք մատնանշել մարդկանց, որ մենք զգանք, որ դուք մեր կողքին կանգնած եք: Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը սկսեց թվարկել տարբերակներ. «Բողոքեք սահմանադրական ճանապարհով: Հավաքվում եք բոլոր քաղաքացիներով, եթե ունեք իրավաբան ձեր շարքերում, կարող եք համապատասխան հայցով դիմել դատարան: Մենք ունենք դատական 3 ատյաններ: Այնուհետեւ ունեք Սահմանադրական դատարան, այնուհետեւ ունեք Մարդու իրավունքներ: Ձեզ դուր չեկա՞վ»: Քաղաքացիները այս տարբերակները  ծիծաղելի որակեցին՝ հեգնելով. «Ինչքան որ դուք եք զարգացել, ժողովուրդն էլ է այդքան զարգացել: Դրանք փակուղի տանող ճանապարհներ են»:

Զրույցը շարունակվեց ոչ լեգիտիմ իշխանության դեմ պայքարից, մինչեւ «իսկ թուրքերը, եթե գան՝ ինչ ենք անելու» շրջանակները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031