Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուշեղյան. Գծատերը պարտավոր է հաշմանդամների համար հարմարեցված ավտոբուսներ ներկրել (Տեսանյութ)

Հուլիս 26,2013 12:10

Այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանից մեծ ջանքեր է պահանջվել մինչեւ հասել է Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող մամուլի ակումբ: «Առանց կողմնակի օգնության Երեւանի փողոցներում տեղաշարժվելը շատ դժվար է»,- այս մասին այսօր «Ելակետ» ակումբում փաստեց Արման Մուշեղյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց մի քանի հասարակական կազմակերպությունների նախագահներ ասուլիս էին հրավիրել՝ քաղաքային իշխանություններին եւս մեկ անգամ հիշեցնելու իրենց պարտավորությունները: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ «մայրաքաղաքի տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամների համար: Եթե հաշմանդամները նույնիսկ աշխատունակ էլ են, ապա նրանք չեն կարողանում  տրանսպորտով գնալ աշխատանքի»:

«Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանի ներկայացմամբ էլ՝ միջմարզային տրանսպորտը նույնպես անհարմար է հաշմանդամների համար. «Մարդիկ չեն կարողանում գալ մայրաքաղաք բժշկի կամ այլ գործերով եւ ստիպված տաքսիներից են օգտվում, որոնք շատ թանկ են նստում հաշմանդամների վրա: Անմատչելի տրանսպորտային պայմաններում անձը ինչպե՞ս գնա աշխատանքի, եթե նույնիսկ աշխատունակ է: Հաշմանդամություն ունենալը ընտանիքի, անձի համար բավականին թանկ խնդիր է մեր երկրում՝ անմատչելի միջավայրի ու  տրանսպորտի պատճառով: Միակ ելքը այն է, որ աշխատունակ հաշմանդամ մարդը իր ողջ աշխատավարձը ծախսի տաքսիների վրա: Եթե նույնիսկ մեր պետությունը հայտարարի, որ հաշմանդամները անվճար պետք է երթեւեկեն, միեւնույն է, չեն կարող, քանի որ տրանսպորտը հարմարեցված չէ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ Արտակ Համբարձումյանի խոսքերով էլ մայթերը նույնպես պետք է հարմարեցվեն. «Վարորդը հաշմանդամ տեսնելով կանգնում է, բայց երբ տեսնում են հաշմանդամը չի կարողանում հաղթահարել արգելքը եւ բարձրանալ տրանսպորտ, քշում-գնում են»: Նրա խոսքերով՝ այդ նոր ներկրված ավտոբուսները շատ ավելի անհարմար են: Արմեն Ալավերդյանը պատգամավորներին կոչ արեց գծատերերի առաջ ավելի հստակ պայմաններ դնել, որպեսզի նրանք կատարեն օրենքի պահանջները. «Հարգելի պատգամավորներ, դուք պետք է հստակ սահմանեք գծատիրոջ պարտավորությունները, որպեսզի ներկրեն հաշմանդամի համար հարմարեցված ավտոբուսներ: Ինչքա՞ն կարող ենք խտրականությանը դիմանալ»:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթեւիկ Խաչատրյանի ներկայացմամբ էլ՝ քաղաքապետարանը ավտոբուսների չհարմարեցված լինելը պատճառաբանում է, որ նրանք երաշխիքային ժամկետի մեջ են եւ քաղաքապետարանը Չինաստանի կառավարության հետ պայմանավորվածություն ունի այդ ժամկետում ավտոբուսների հետ որեւէ փոփոխություն չանել. «Սակայն մենք ուսումնասիրել ենք եւ պարզել, որ այդ մեկ տարի ժամկետն ավարտվել է, բայց քաղաքապետարանը ավտոբուսները չի հարմարեցնում: Այս անգամ էլ պատճառ են բերում, թե բանակցություններ են վարում չինական կողմի հետ՝ հարմարեցնելու համար: Բայց մենք ուսումնասիրել ենք պայմանագրերը եւ տեսել, որ Չինաստանի կառավարության առաջ որեւէ պարտավորվածություն այլեւս չունենք եւ մենք ինքներս կարող ենք այդ հարցը լուծել»:

Արման Մուշեղյանի խոսքերով՝ այդ ամենը օրենքով ամրագրված է եւ երթուղագծերը շահելու մրցութային պահանջներում էլ կա, որ գծատերը պարտավոր է հաշմանդամների համար հարմարեցված ավտոբուսներ ներկրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031