Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչով է ժողովուրդը տուժված, երբ իր հանդիսավարը պետք է լինի քյաբաբ-խորովածի աշխարհից կամ ռաբիս». Լիանա Զուրաբյան

Օգոստոս 06,2013 23:48

«Ասմունքի աշխարհում ամիսը երկու անգամ պոեզիայի երեկոներ են լինում ու դահլիճը լեփ-լեցուն է: Ըստ իս` այժմ մարդիկ ավելի մոտ են կանգնած ասմունքին եւ թյուր է այն կարծիքը, որ տարիների ընթացքում նրանք հեռացվել են պոեզիայից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդները որքանով են մոտ կանգնած ասմունքին եւ պոեզիային թեմայի շուրջ նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը:

Բանախոսի համոզմամբ, եթե նա լսող չունենա, այլեւս չի ասմունքի: Պոեզիան ավելի մտերմիկ լսարաններ եւ փոքրիկ կոլորիտ է սիրում:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով մեր երկրում քիչ ասմունքողներ կան, ովքեր գնահատում են խոսքը: Շատ են նրանք, ովքեր նույն ինտոնացիայով միապաղաղ ասմունքում են կամ գոռում.

«Մի թերություն կա եւս. Շեշտը դրվում է մեծամասամբ Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Չարենցի պոեզիայի վրա: Ես կարծում եմ, որ ասմունքողն արհամարհում եւ խուսափում է ժամանակակից պոեզիայից: Ամենասարսափելին այն է, որ այսօր երկուսից մեկը գրում է»:

Ասմունքող Լիանայի պնդմամբ պետք է ասելիքով գործն ընտրել: Շատ բարդ է հանդիսատեսի ուշադրությունը երկու ժամ պահելը, երգելը ավելի հեշտ է, երաժշտությունն ունի գործիքավորում: Երաժշտությունը տալիս է հագուստ խոսքին, իսկ խոսքը մերկ է՝ պետք է այնպես ասմունքել, որ այն հոգի ներթափանցի ու հուզի.

«Մենք` ասմունքողներս, գրի եւ գրիչի միջնորդներ ենք: Ես կարդում եմ ժամանակակից բանաստեղծություն, միայն այն պարագայում, երբ այն հանգավորված է: Ժամանակակից գրողների գրածը խուճուճ է: Ես կարող եմ այն զգալ, բայց, եթե գործը չհասկացա, չեմ կարող մատուցել: Եթե մարդը սիրում է գիր-գրականություն, նա չի կարող չլսել ասմունքը»:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք իրեն պատիվ է ասմունքող լինելով, թամադայություն անել տարբեր միջոցառումներին, բանախոսը պատասխանեց.

«Թամադա չէ, այլ հանդիսավար: Կլինի դա կնունք, ծնունդ, թե հարսանյաց հանդես: Ինչով է ժողովուրդը տուժված, երբ իր հանդիսավարը պետք է լինի քյաբաբ-խորովածի աշխարհից կամ ռաբիս: Նույն միջոցառումը կարելի է անել գեղեցիկ խոսքով: Կենացների ժամանակ քառատող եմ ասմունքում, ինչը մարդկանց դուր է գալիս»:

Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ ասմունքը պետք է ունենա ուսուցանելու մշակույթ, կրթելու, զարգացնելու միտք: Խնդիրը մատուցման մեջ է. ասմունքողները պետք է կարդան, ոչ թե դերասանություն անեն: Կա մարդկանց մի մաս, ով գրավվում է այսօրվա ասմունքով, իսկ մի մասն ամբողջովին խուսափում է դրանից: Ասմունքողների մասին ասելը, որ ավելորդ են, դա ապուշություն է համարում: Գրականությունը թռիչքի մեջ է,  կարծում է, որ ասմունքի դպրոցը չի ուզում թռչել:

Լիանա Զուրաբյանը նշեց, որ դեմ չէ պաթետիզմին եւ ավելորդ տոնայնությանը: Նրանք ասմունքը չեն երգում եւ չեն թողնում մարդիկ բթանան: Հեռուստատեսությունը եթեր չի տալիս ասմունքը եւ թողնում է, որ հեռուստասերիալներով մարդիկ բթանան: Ամեն մարդ պոեզիա չի լսում, իսկ նրանք, ովքեր լսում են, երբեք Արմենչիկ չեն լսի:

Մեր այն հարցին, թե արդյոք Արքմենիկ Նիկողոսյանը համարում է, որ առանց Լեւոն Անանյանի Գրողների միությունը սոդոմ-գոմորի կվերածվի, գրականագետը պատասխանեց.

«Գիտեք, դա դիվանագիտություն չէ, եթե Լեւոն Անանյանը նախագահ չլիներ, սոդոմ-գոմորի վտանգ թերեւս կլիներ: Պետք չէ սեւեռվել Գրողների միության վրա: Ես կարող եմ ասել, որ մեր հրատարակչությունն ավելի քիչ բան չի անում, քան գրողների միությունը, ունենք «Գրանիշ» գրական ակումբ, որը նույնպես մեծ աշխատանք է կատարում գրողների համար: Գրողների միությունը կազմակերպություն է, որտեղ կազմակերպչական աշխատանքներ են անում ու թող անեն»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031