Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն չկա, որ օտարության մեջ մարդ չունենա

Օգոստոս 08,2013 10:58 Share

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ավելի քան 100 տղամարդ անցած յոթ ամիսների ընթացքում լքել է երկիրը։ Գյուղապետ Վահրամ Հարությունյանը ցավով է խոսում արտագաղթողների՝ օրեցօր մեծացող թվերի մասին, բայց դատապարտել նրանց քայլը՝ չի պատրաստվում։ Ճիշտ է, շատերի հետ խոսել է, փորձել համոզել գնալու մտքից ետ պահելու համար, բայց չի ստացվել։ Գնում են նույնիսկ ընտանիքներով։ Բայց լավ է, որ տները չեն վաճառում։ Դա հույս է տալիս, որ, վաղ թե ուշ, մի օր գալու են՝ ասաց Առատաշենի ղեկավարը։

Մարդիկ գնում են, որովհետեւ այլեւս հույս չեն կապում անգամ իրենց միակ կերակրողի՝ հողի հետ։ Հոգնած, արեւից խանձված դեմքով Վահե Անդրեասյանը գազարով լի պարկերն էր ի մի բերում՝ սպասելով հաճախորդին։ Նեղսրտեց, որ ամբողջ ընտանիքով զօրուգիշեր արեւի տակ տանջվում են, բայց իրենց աճեցրած բերքից գերշահույթ են ստանում վերավաճառողները։ «Կիլոգրամը 80-100 դրամով գազարը մեզնից գնում՝ 250 դրամով վաճառում են շուկայում»,- ասաց։ Գյուղացուն օգնելու համար պետությունը մատը մատին չի տալիս։ Գյուղմթերքի արտադրությունից մինչեւ իրացում՝ թողել է գյուղացու խղճին։ Բա խղճով երկի՞ր են կերակրում։ Բա գյուղնախարարությունը էս ոլորտը կարգավորելու հստակ մշակված ծրագիր չունենա՞, բա գյուղացին չզգա՞ պետության տաք ձեռքն իր ուսին… դրա համար էլ՛ մարդիկ հիսաթափվում ու գնում են՝ ասաց երիտասարդ հողագործը։

Գրեթե նույն պատկերն էր մարզի մեկ այլ՝ Փշատավան համայնքում։ Միայն թե այստեղից ավելի շատ արտագաղթում են երիտասարդները։ Տուն չկա, որ օտարության մեջ մարդ չունենա՝ ասաց Շավարշ Կարապետյանը։ Իր երկու տղաները Ռուսաստանում են, չեն էլ պատրաստվում հայրենիք վերադառնալ։ «Գան՝ ի՞նչ անեն,- ասաց հայրը,- ոչ աշխատանք կա, ոչ նոր բան ստեղծելու հնարավորություն։ Ես էլ կգնայի, եթե տարիքս ներեր, ու ինձ հարմար աշխատանք առաջարկեին»։

Ստեղծված իրավիճակում մեղադրելով կառավարությանը, որ ամեն օր մի նոր թանկացման մասին «աչքալուսանք» է տալիս, տարեց փշատավանցիներից մեկն էլ թանկացման փաստը հակադրեց ցածր թոշակների հետ։ «Թոշակը՝ ջհանդամը, մեկ ա, ոնց տալիս են, նույնությամբ հետ են տանում։ Կարեւորը՝ որ աշխատատեղեր ստեղծեն, էս ջահելները մնան գյուղում։ Մենք էլ որ ոտներս քաշենք, էս հողն ու էս գյուղն ո՞ւմ ենք թողնելու՝ թուրքերի՞ն։ Վերցնենք ու մեր ձեռքով սարքած մեր տունը տանք դրա՞նց…»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031