Տրանսպորտային տարբեր միջոցներով գերծանրաբեռնված մեր մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային խնդիրը ոչ միայն հուզում է վարորդներին, այլ նաեւ մշակութային գործիչներին:
«Առավոտի» զրուցակիցը հրատարակիչ է՝ «Անտարես մեդիա հոլդինգի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով աշխատանքի բերումով անընդհատ գտնվելով շարժման մեջ, իր խոսքերով՝ «Երեւանում մի քանի վայրում ճանապարհային երթեւեկության կանոնները կարգավորող կառույցների կողմից ստեղծված են պայմաններ, որպեսզի վարորդին գցեն դրանց թակարդը: Իսկ մեր քաղաքացիների առանց այդ էլ բարդ կյանքը պետք չէ ավելի բարդացնել՝ փողոցը սարքելով լաբիրինթոս»:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցնելով, որ Երեւանում գործում է 60 կմ/ժ առավելագույն արագությունը, ասաց. «Կարծես դիտմամբ վարորդին գցում են թյուրիմացության մեջ, եւ այստեղ գալիս է կուլմինացիոն կետը՝ ճանապարհային ոստիկանությունը հենց այստեղ է կանգնեցնում վարորդին: Եթե դա հատուկ չի արված, ապա ինչո՞ւ է առավելագույն արագությունը որոշ տեղերում թույլատրվում 80 կմ/ժ: Կարելի էր արագությունը թույլ չտալ մեծացնել՝ չտեղադրելով 80 կմ/ժ կամ 70 կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման նշանները: Այդ դեպքում կվարեինք 60 կմ/ժ ու չէինք ընկնի թակարդը»:
Խնդրեցինք մանրամասնել ասվածը եւ բերել կոնկրետ օրինակներ: «Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկից հետո դեպի Կենտրոն տեղադրված է 80 կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման նշան: Ըստ տրամաբանության, եթե տեղադրված է այդ նշանը, նշանակում է, որ սահմանափակումը վերանում է, այսինքն՝ արագությունը կարող է լինել ավելի քան 70 կմ/ժ, սակայն օրենքի տառն այլ բան է ասում: Մեկ այլ օրինակ բերեմ. նույն իրավիճակն է Աճառյան փողոցում երթեւեկությունը դեպի Սեւան՝ Մարշալ Բաբաջանյան փողոցը հատելուց հետո»:
Կարդացեք նաև
«Անտարեսի» նախագահը նշեց, որ այս հարցով դիմել է ՀՀ վարչապետին, նա էլ դիմումը վերահասցեագրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, օրերս էլ ճանապարհային ոստիկանության պետից ստացել է պատասխան: Ըստ որի՝ Ադմիրալ Իսակովի պողոտան, Թբիլիսյան խճուղին, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաները, Մյասնիկյան-Աճառյան խաչմերուկից դեպի Մ-4 Երեւան-Սեւան ուղղությունը մայրուղային փողոցներ են եւ հիմնականում անցնում են ոչ բնակեցված տարածքներով եւ 80 կմ/ժ նշանի հաճախակի կրկնությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N955-Ն որոշմամբ: Դրանով հաստատված է, որ նշանների ազդեցությունը տարածվում է «նշանի տեղադրման կետից մինչեւ դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը», որի պահանջներից ելնելով՝ յուրաքանչյուր խաչմերուկից հետո կրկնվում է 80 կմ/ժ «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը:
Պարոն Մարտիրոսյանը գտնում է. «Ոչ մի բառ չկա իմ կողմից բարձրացված հարցի վերաբերյալ»: Նա հայտնեց, որ կրկին դիմել է ՀՀ վարչապետին եւ խնդրել օգտագործել իր իշխանությունը՝ «այս «վակխանալիան» վերացնելու համար»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































