Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնները պատրաստ են աշնանային նոր խաղաշրջանին

Օգոստոս 28,2013 19:51

Սեպտեմբեր ամսից սկսած ՀՀ մշակույթի ենթակայությամբ գործող Հայաստանի թատրոնները վերսկսում են իրենց աշնանային նոր խաղաշրջանը, որոնք հագեցած են լինելու ինչպես խաղացանկում արդեն հայտնի տարաբնույթ ներկայացումներով, այնպես էլ պրեմիերաներով:

_MG_0791

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից եւ մինչեւ ամսվա վերջ նախատեսվում է ներկայացնել 6 ներկայացում, ինչպես նաեւ հոկտեմբեր ամսին  երկու նոր ներկայացումներ` Շեքսպիրի «Ռիչարդ երրորդ»  (ռեժիսոր Ա. Սահակյան եւ «Մադագասկար» (ռեժիսոր Վ. Ստեփանյան մանկական ներկայացումը: Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի փոխանցմամբ` մանկական ներկայացման համար հատկացվել է 75 մլն. դոլար, որը ներկայացնելու են 15-20 դերասաններ` հավելելով, որ Ֆինանսական խնդիրները լուծված են, մնում է տեխնիկականը: Վերջիններս հրավերի են սպասում նաեւ Արցախից, որտեղ էլ հանդես կգան Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացմամբ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բացում է իր 71-րդ թատերաշրջանը: Այս թատրոնում սեպտեմբեր ամսին եւս նախատեսված է ներկայացնել  6 ներկայացում: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ հանդիսատեսի դատին կհանձնեն նաեւ Տիգրան  Չուխաջյանի «Կարինե» ներկայացումը: «Մեր թատրոնի համար այս տարի աշունը հագեցած է լինելու, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում ենք ցուցադրել նոր մյուզիքլ Վահան Բադալյանի բեմադրությամբ»,-ասաց  Կարո Շահբազյանը:

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը  սեպտեմբերին կունենա 10 ներկայացում, կլինեն ներկայացումներ նաեւ երեխաների համար, որոնք կներկայացվեն սեպտեմբերի 14-ից, ինչպես նաեւ դեկտեմբերի 25-ին տեղի կունենա մանկական մյուզիքլի պրեմիերա: Այս տարի լրանում է թատրոնի 75-րդ խաղաշրջանը: Թատրոնի տնօրեն Ֆ.Դավթյանի խոսքով` նոյեմբերի 1-ին եւ 2-ին թատրոնում տեղի կունենա  Ա. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» (ռեժիսոր Ալ.Գրիգորյան) ներկայացման պրեմիերան:

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ծանրաբեռնված է լինելու ներկայացումներով: Պատճառներից մեկը տարածաշրջանում միակը լինելու, ինչպես նաեւ Գյումրին  ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք  լինելով է պայմանավորված: Թատրոնի 148-րդ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 22-ին Լեւոն Մութաֆյանի «Առնետները» ներկայացմամբ: Սեպտեմբերին տեղի կունենա 6 ներկայացում, իսկ հոկտեմբերին կլինի Նիկոլայ Ծատուրյանի «Ով է հայը» ներկայացման պրեմիերան: Տնօրեն Գ. Խաչատրյանի փոխանցմամբ` ծրագրեր կան նախատեսված Մոնթե Մելքոնյանի կյանքի հետ կապված.« Նրա հերոսական կյանքը ներկայացնելու համար արդեն աշխատանքեր են տարվում ՀՀ մշակույթի եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ, գրվում է պիեսը եւ հնարավոր է, որ դեկտեմբերին սկսվեն բեմադրության աշխատանքերը»,-նշեց Խաչատրյանը:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնը մանուկների համար պատրաստել է երկու ներկայացում սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին արդեն պատրաստ կլինի «Շունն ու Կատուն» ներկայացումը: Թատրոնը նախապատրասվում է նաեւ բարեգործական ներկայցումների, որից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: Թատրոնը սեպտեմբերին պատրաստվում է «Չիպոլինո» ներկայացմանը, որը մասշտաբային ներկայցում է,   կան նաեւ մանկական ներկայցումներ:

Համազգային պետական թատրոնը իր 22-րդ թատերաշրջանի մեկնարկը սկսում է հյուրախաղերով, քանի որ հրավեր է ստացել ԱՄՆ-ից եւ Կանադայից, որտեղ էլ թատրոնը հանդես կգա չորս ներկայցումներով: Տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ թատրոնը պատրասվում է նաեւ Վ.Շեքսպիրի «Համլետ» ներկայացմանը, որը արդեն նոյեմբերին կհանձնվի հանդիսատեսի դատին:

Երեւանի կամերային պետական թատրոնի տնօրեն Արա Երնջակյանի խոսքերով` թատրոնը իր 31-րդ խաղաշրջանը բացելու է «Ինչ տարբերություն ում հետ» ներկայացմամբ, որի ավարտից հետո առաջին անգամ կլինի մանկական ներկայացման պրեմիերա եւ հույս հայտնում, որ այդ գեղեցիկ ավանդույթը շարունակական բնույթ կկրի:

Բոլոր պետական թատրոնները հոկտեմբերից սկսած կիրականացնեն Ամանորյա մանկական զվարճալի ներկայացումների բեմադրական աշխատանքներ:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031