Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դատախազությունը բողոքարկել է 38 միլիոն դրամի ոսկու եւ գումարի գողության կազմակերպչի արդարացման դատավճիռը

Սեպտեմբեր 03,2013 13:36

Դատավճռից դժգոհ է նաեւ տուժող կողմը

2013թ. հունիսի 20-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով եւ նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կորյուն Ալավերդյանը 2012թ. հունվարի 18-ին կազմակերպել է համաքաղաքացի Վլադիմիր Վանեսյանի բնակարանից կատարված գողությունը, նրա կազմակերպմամբ Վանաձոր քաղաքի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը նախնական համաձայնության գալով, դռան կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել Վ. Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ընդհանուր արժեքով 38 միլիոն 488 հազար 75 դրամի ոսկե զարդեր եւ գումար: Վահե Թումասյանը իրավապահների կողմից չի հայտնաբերվել:

Դատավճռի կայացման հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Վլադիմիր Վանեսյանը եւ նրա կինը` Գայանե Մելքումյանը, Երեւանում դժգոհություն են հայտնել Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից եւ ցանկանում էին նամակով դիմել հանրապետության նախագահին: «Ես արդարադատություն եմ իրականացրել: Կորյուն Ալավերդյանն արդարացվել է, քանի որ հանցակազմ չկար»,- մեզ հետ զրույցում ասել էր Զոյա Զաքինյանը:

Նշենք, որ ավելի քան 38 միլիոն դրամ արժեքով գողոնից դատարանում, որպես իրեղեն ապացույց, առկա է եղել ընդամենը մեկ մատանի: Տուժող Վ. Վանեսյանը պատճառված վնասի վերականգնման պահանջ չի ներկայացրել դատարան, սակայն հունիսի 20-ին կայացված վճռով տուժող կողմին իրավունք է տրվել դրա համար քաղաքացիական հայցով դիմել դատարան:

Այս քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռի դեմ: Այդ բողոքով Ն. Չիլինգարյանը պահանջում է ամբողջությամբ բեկանել հունիսի 20-ին կայացված դատավճիռը եւ Մասիս Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին եւ 1.1 կետերով նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ Կորյուն Ալավերդյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով:

Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքը պետք է լսվեր օգոստոսի 16-ին, սակայն դատարանի կազմի համալրված չլինելու պատճառով նիստը չի կայացել:

Վերաքննիչ բողոքը կլսվի այսօր՝սեպտեմբերի 3-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30