Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Պուտինի հետ 3 տարբերակ է քննարկվել»

Սեպտեմբեր 03,2013 19:33

Արդեն ավարտվել է Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան սպասված հանդիպումը եւ հրապարակվել երկու նախագահների համատեղ հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշման հետ կապված:

Այդ հանդիպման մասին Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը սովորաբար ոճ ունի: Նա ասում է նախադասություններ, արտահայտություններ, որոնք պարտավորեցնող չեն: Բայց սա այդ դեպքը չէր, քանի որ Վլադիմիր Պուտինն ակնկալում էր ավելի կոնկրետ պատասխան: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, քննարկման սեղանին է դրվել 3 տարբերակ. «Տարբերակ 1-ին. Հայաստանը ինչ-ինչ պատրվակներ է բերել, թեկուզ այն, որ հայ-թուրքական սահմանը բացված չէ, իսկ առանց դրա հնարավոր չէ ընդգրկվել եվրոպական տնտեսական համագործակցության մեջ, այս պատճառաբանություններն  օգտագործելով՝ հրաժարվում է ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Այս տարբերակը մի շարք վտանգներ է իր մեջ պարունակում, քանի որ նա միանշանակ հայտարարել էր, որ Հայաստանը նախաստորագրելու է: 2-րդ տարբերակն այն է, որ նախաստորագրում է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, բայց չի պատրաստվում վերջնականապես ստորագրել եւ տեսանելի հեռանկարներ չեն լինում: Այսինքն, ինչպես եղավ  հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, քննարկվել է Պուտինի հետ, որ նույնն անեն նաեւ հիմա՝ ստորագրեն, բայց վերջնականապես չմտնի այն ուժի մեջ: 3-րդ տարբերակն այս է՝ բանակցությունների փուլը ԵՄ Ասոցացման համաձայնագրի արդեն ավարտված էր, բայց բովանդակությունը չէին հրապարակում: Չէր հրապարակվում հենց այդ պատճառով, որպեսզի Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ձեւաչափում այդ փաստաթուղթը քննարկվի: Չէր հրապարկվում, որովհետեւ դա կարող էր վերջնական դառնալ միայն այս հանդիպումից հետո: Պատահական չի, որ Սերժ Սարգսյանը, մինչեւ Պուտինի հետ հանդիպելը մեկնեց Խորվաթիա, իսկ այնտեղ տեղակայվում են Եվրամիության աշխատանքային այն կառույցները, որոնք զբաղվում են արեւելյան համագործակցության  ծրագրերի մշակմամբ: Նրանց հետ հանդիպեց եւ այդ ամենը գաղտնիության շղարշի տակ էր»:

Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի քանի մարդ էին տիրապետում Մինսկի խմբի համանախագահների եւ ՀՀ-Ադրբեջանի միջեւ ընթացող պրոցեսներին. «Նրանք 4-5 հոգի էին: Ռոբերտ Քոչարյանի օրոք 2 հոգի էին՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մինչ այդ՝ 3 հոգի, նրանց հետ էր Անդրանիկ Մարգարյանը, իսկ հիմա Սերժ Սարգսյանը միայնակ է, եւ նա մենակ մեկնեց, ընդ որում՝ մասնավոր այցով՝ ճշտելու, թե Պուտինին բավարարող հնարավոր զիջումների ամպլիտուդը Եվրոմիության չինովնիկների հետ որքան է»:

Հմայակ Հովհաննիսյանի համար կանխատեսելի էր Սերժ Սարգսյանի որոշումը: Նրա խոսքերով՝ «Եթե Ռուսաստանը շատ կոշտ դիրքորոշում էր որդեգրել Ուկրաինայի, Մոլդովայի հանդեպ, չնայած այդ երկրները ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակիցները չեն, ՀԱՊԿ-ի անդամ չեն, ապա պարզ է, որ Հայաստանը, որ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ ՀԱՊԿ-ի անդամ, նրանից ակնկալիքները շատ ավելի մեծ են եւ մոտեցումները կոշտ էին լինելու նաեւ Հայաստանի նկատմամբ: Այդ պատճառով Հայաստանը կարող էր ունենալ կործանարար եւ անասելի պրոբլեմներ: Ուստի սպասվում է, որ Հայաստանը առավելագույնս հաշվի է առնելու Ռուսաստանի պահանջներն ու մոտեցումները, քանի որ այլ տարբերակ չունի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gevorg says:

    Պարոն Հովհաննիսյան, Դուք ուզում եք ասել, որ նախագահ Սարգսյանը Վարդան Մամիկոնյանի հնարքն է օգտագործում Ավարայրից առաջ:
    Կարծում եմ շատ լավ է, որ ՀՀ նախագահը չի տառապում քաղաքական կարճատեսությամբ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30