Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական հասարակությունը նշում է ՀՀ ԳԱԱ-ի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը

Սեպտեմբեր 30,2013 16:20
Gaa

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ սեպտեմբերի 30-ին նշեց ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց լեզվի ինստիտուտի մեծ դերակատարությունը հայերենագիտության զարգացման ոլորտում, և հետագա գիտական ձեռքբերումներ մաղթեց ինստիտուտի գիտաշխատողներին: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ինստիտուտին, ընդգծեց հայապահպանության, հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում ինստիտուտի աշխատակիցների դերը: Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց ինստիտուտի մի շարք աշխատակիցներին լեզվապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ինստիտուտի անցած ուղին, ձեռքբերումները առաջիկա անելիքները և ծրագրերը ներկայացրեցին ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
«Իր հիմնադրման օրվանից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը շարունակում է հայ լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական համագործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա հայերենագիտական կենտրոնների հետ և առաջ մղելով գիտական միտքը՝ դառնում է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը: Այստեղ համակարգված աշխատանքներ են ծավալվում լեզվի հետազոտության հիմնարար ուղղություններով, տասնամյակների ընթացքում ստեղծվում են գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ, պատրաստվում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող և հմուտ լեզվաբաններ:
Ինստիտուտի տարբեր սերունդների գիտաշխատողներ զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննությամբ,գիտնականների հետաքրքրությունների ոլորտում են նաև գրական լեզվի կանոնարկման, տերմինաբանության մշակման, ուսուցողական լեզվաբանության հարցերը, կարևորվում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարանների և տերմինա¬րանների ստեղծումը: Ինստիտուտի աշխատակիցները հեղինակել են ընդհանուր-տեսական և հայերենի կառուցվածքի ու պատմական զարգացման առանձին հարցերին վերաբերող մենագրական ու խմբային աշխատություններ, մշակել կամ առաջադրել են հայ քերականագիտության զարգացման համար կարևոր սկզբունքներ:
Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային հայերենագիտական գիտաժողովներ, 2006 թվականից կազմակերպում է «Ջահուկյանական ընթեր¬ցումներ», նաև երիտասարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստաշրջաններ`հանրապետության բուհերի, Արցախի ներկայացուցիչների, այլև արտերկրի հայագետների մասնակցությամբ:
Ինստիտուտում ավանդաբար կազմակերպվել են գիտական սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ: Հիշարժան է արդի հայերենի հոլովական համակարգին նվիրված բանավեճը, որն անցկացվեց 1966 թ. նոյեմբերին և շարունակվեց 20 օր»,- զեկույցում նշեց Վիկտոր Կատվալյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30