Լրահոս
Օրվա լրահոսը

13 տարեկանում Իսպանիա մեկնած վանաձորցու նկատմամբ հարուցված քրգործը կկարճվի

Հոկտեմբեր 09,2013 13:42

 Դատարանը քրեական վարույթ իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Տիգրան Կոստանյանի իրավունքների խախտումն առաջացրած որոշումները:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Տիգրան Կոստանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանի (լուսանկարում) բողոքը`պարտավորեցնելով քրեական վարույթ իրականացնող մարմնին վերացնել իր պաշտպանյալի իրավունքների խախտումն առաջացրած որոշումները:

27-ամյա  Տիգրան Կոստանյանի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ:

1998 թվականին, երբ Տիգրանը 13 տարեկան էր, սոցիալական ծանր վիճակից ելնելով, ընտանիքի հետ տեղափոխվել էր Իսպանիայի Թագավորություն:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշել էր նրա հայրը՝ Սեյրան Կոստանյանը, տղայի 17 տարին լրանալուն պես պարբերաբար դիմել են Իսպանիայի Թագավորությունում հայկական դեսպանատուն՝ ՀՀ պատկան մարմիններից վերադարձի համար անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու, սակայն՝ ապարդյուն:

«Նա ցանկացել է վերադառնալ, փորձեր արել է, բայց դեսպանատունը այդպես էլ ոչ մի պատասխան չի տվել: Փաստաթուղթ տրամադրելու փոխարեն` քրեական գործ են հարուցել»,- ասել է  Տիգրանի հայրը:

Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ հանգելով եզրակացության, որ Տիգրան Կոստանյանը 13 տարեկանում կանխամտածված է մեկնել ՀՀ-ից, չի կցագրվել Վանաձորի զինկոմիսարիատում եւ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության մեկնելուց:

Հակառակ սրան` Տիգրան Կոստանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը նկատում է, որ   քրեական գործ էր հարուցվել դրա հիմքի բացակայության պայմաններում.

«Այդպիսի ապացույցներ գոյություն չէին կարող ունենալ, քանի որ 13-ամյա տղայի՝ ՀՀ-ից մեկնելը որեւէ կերպ կապված չի եղել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հետ: 13 տարեկան երեխան հանցագործության սուբյեկտ չի կարող լինել, 13 տարեկանում ընտանիքը մեկնել է ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, այն դեպքում, երբ դրան դեռ 5 տարի կար, այլ՝ այդ ժամանակ ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական, ընտանիքի վիճակը այնպիսին է եղել, որ ստիպված հաշվառումից դուրս են եկել, արտագաղթել, որպեսզի կարողանան ապրել, սովից, քաղցից չմահանալ, հիվանդությունից չմահանալ: Մյուս կողմից էլ, եթե երեխայի ընտանիքը մեկնում է Իսպանիա կամ այլ տեղ, 13 տարեկան երեխան կարո՞ղ է չհնազանդվել ընտանիքին, եւ մնալ այստեղ միայնակ: Օբյեկտիվ պատճառներով եւ հանցակազմի բացակայության պայմաններում չծառայելը քրեական գործ հարուցելը բացառող հանգամանք է»:

Խնդրին լուծում տալու համար էլ փաստաբան Ռուբեն Հակոբյանը դիմել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերացնել Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու մասին 2013 թվականի մարտի 26-ի եւ Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի՝ պաշտպանի բողոքը մերժելու մասին 2013 թվականի ապրիլի 19-ի որոշումը՝ դրանք անհիմն եւ չպատճառաբանված լինելու հիմքով:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, սակայն, մերժել էր փաստաբանի բողոքը՝ այն հիմնավորմամբ, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա լինել չի կարող, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ անձի իրավունքները եւ օրինական շահերը չեն խախտվում:

Դատարանի մերժման որոշման դեմ  փաստաբանը  բողոք էր ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Վերջինս, սակայն, անփոփոխ էր թողել իր նախկինի կայացրած որոշումը:

Փաստաբանը ՀՀ վճռաբեկ դատարան չէր բողոքարկել:

«Այլեւս Վճռաբեկ դատարան չդիմեցի, այլ արդեն պահանջ ներկայացրի քրեական հետապնդման մարմնին՝ կարճել քրեական գործով  վարույթը: Քննիչը իմ կարճման միջնորդությունը մերժեց, բողոքարկեցի Լոռու մարզի դատախազություն, դատախազը մերժեց քննիչի որոշման դեմ բերված պաշտպանիս բողոքը: Դիմեցի առաջին ատյանի դատարան` պահանջելով վերացնել քննիչի եւ դատախազի որոշումներն ու  պարտավորեցնել վերացնել Տիգրան Կոստանյանի իրավունքների խախտումը, այսինքն` պարտավորեցնել կարճել քրեական գործով վարույթը: Դատարանը բավարարեց իմ պահանջը»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա` դատարանի որոշմամբ ի վերջո հաղթեց արդարությունը, քանի որ իր պաշպանյալի նկատմամբ դատախազությունն, ըստ էության,  խիստ տարբերակված մոտեցում էր ցուցաբերել:

«Նման հիմքերով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նյութեր են մերժվել կամ քրեական գործեր են կարճվել: Դատարանի որոշումը խրախուսելի է, քանի որ այս ամենից,  դատական քաշքշուկներից, անարդար մոտեցումներից, անհիմն որոշումներից հետո  Տիգրան Կոստանյանի հարազատները խիստ հիասթափված էին եւ պատրաստվում էին լքել Հայաստանը՝ անվերադարձ: Փաստորեն, դատարանը կանխեց մի քանի հոգու արտագաղթը»,- բացատրում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Տիգրան Կոստանյանի հարազատները եւս հույսով են լցվել, հիասթափության ալիքն էլ հանդարտվել է:

«Շատ գոհ ենք, շնորհակալ, հույս չունեինք, բայց, փաստորեն, արդարությունը, համենայնդեպս, հաղթանակեց: Մեծ հարգանքով ենք վերաբերվում դատական համապատասխան ատյանի հանդեպ: Այն հիասթափությունը, որ մինչ օրս ապրել ենք, անցել է»,- մեզ հետ զրույցում ասում է Տիգրանի հորեղբոր կինը՝ Սոֆյա Զաքարյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SOJOMON says:

    Փառք Աստծո,երբեմն լավ լուրեր ենք կարդում,արդարադատությունը չի մեռել:Դեռ հույս կա,որ Հայաստանը ոտքի կկանգնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031