Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Զուգասզյան. «Մեր երկրի ղեկավարությունը չի համապատասխանում ժամանակի պահանջներին»

Հոկտեմբեր 10,2013 14:06 Share

«Նախախորհրդարան» ազգային քաղաքական նախաձեռնությունը մշակել է «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագիծ»: Այսօր «Ուրբաթ» ակումբում «Նախախորհրդարանի» անդամները տեղեկացրին նախագծի հանրային ներկայացման և քննարկման մեկնարկի մասին:

«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Զուգասզյանը նշեց, որ ՀՀ-ն ռիսկային որոշումների առաջ է կանգնած լինելու և դրա համար պետք է խնդիր դրվի մտավոր ներուժի համախմբման:

Խոսելով ՀՀ-ում նկատվող անկայունության մթնոլորտի մասին՝ պարոն Չուգասզյանն ասաց. «Երբ համակարգերի միջև անկայունությունն աճում է, մի փոքրիկ թիթեռ անգամ կարող է որոշել ընթացքը: Սակայն միայն կամք ունեցող ուժերը կարող են դա անել: Մեր ներսում՝ որպես պետական կազմավորում, լրջագույն փոփոխություններ պիտի իրականանան: Հիերարխիկ կառուցվածքը ՀՀ-ին զրկում է ճկուն և արագ արձագանքելու հնարավորությունից: Եթե այդ փոփոխությունները չանենք, կարող ենք հայտնվել հետնապահ երկրների շարքում: Այժմ մենք աստիճանաբար կորցնում ենք մեր անկախության էլեմենտները, դրա վառ օրինակն է այն, որ սեպտեմբերի 3-ին նախագահ համարվող անձը առանց համաժողովրդական և որևէ այլ քննարկման հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին»:

«Նախախորհրդարանի» անդամ, քաղաքագետ Իրինա Ղափլանյանն այս որոշման օրինակով ՀՀ արտաքին քաղաքականությունը որակեց «ռեակտիվ»: Հետո նշեց, որ ՀՀ-ն գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական դիրքում, որ «կամ-կամ»-ի խնդիր չէր կարող առաջանալ:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մի՞թե երկրի ղեկավարությունն այդ ամենը չէր հասկանում, որ նման որոշում կայացվեց: Պարոն Զուգասզյանը պատասխանեց. «Մեր երկրի ղեկավարությունը չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Հայ ժողովրդի ներուժը լրիվ թույլ է տալիս, որ մենք նորացնենք մեր ընտրախավը, սակայն ընտրությունից զրկելով հայ ժողովրդին՝ մենք արհեստականորեն նեխում ենք ստեղծում մեր կառավարման համակարգում: Ուստի մեն հաջորդ կառավարման խումբը որակապես ավելի վատն է դառնում, քան նախորդը: Սրա լուծումը օր առաջ այդ պարազիտային խավից ազատագրումն է»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ժիրայր Սեֆիլյանի հետապնդումը արդյոք կապ ունի՞ Սամվել Ալեքսանյանի հետ, քանի որ, ինչպես «Նախախորհրդարանի» անդամները նշեցին, Սամվել Ալեքսանյանի թիմից մեկը մոտեցել է Ժիրայր Սեֆիլյանին ու հրավիրել առանձնազրույցի: Պարոն Զուգասզյանը պատասխանեց. «Այս պահին մենք փաստերն ենք արձանագրում, հեռու գնացող եզրակացություններ անել չենք կարող: Հետապնդումները նոր չեն. այս շարժման մասնակիցները բազմիցս ենթարկվել են հետապնդման, դրանով փորձում են սպառնալ ու ահաբեկել: Բայց մենք շարունակում ենք առաջ տանել մեր պայքարը»:

Հարցին՝ արդյոք «Ծածկած շուկայի» խնդիրը պատրա՞ստ են քննարկել սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի հետ, ով ակտիվություն է ցուցաբերում շուկայի հարցերում: Պարոն Զուգասզյանը պատասխանեց. «Օլիգարխի ստեղծած գրպանային կուսակցության ղեկավարի հետ պատրաստ չենք որևէ քննարկում վարելու: Մենք պատրաստ ենք քննարկում վարելու միայն պատկան մարմինների հետ»:

Խոսելով փոխզիջումների մասին՝ Գ. Զուգասզյանն ասաց. «Մենք պատրաստ ենք պահել այդ հուշարձանը իր (նկատի ունի Ս. Ալեքսանյանին.-Տ.Հ.) ձեռքերում, եթե նա տիրոջ վարք ցուցաբերի դրա նկատմամբ, եթե վերականգնվի շուկայի ճարտարապետական տեսքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս հանցավոր ռեժիմին կարելի է շատ հանգիստ սրտով փոխարինել, որևէ գաղութի կալանավորների
    հետ, առանց երկմտելու և այդ կալանավորներից՝, ,,որոնց նկատմամբ ես առանձնապես համակրանք
    չունեմ,, սպսաելի է շատ ավելի մարդկային արարքներ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031