Ռուսաստանում հայերի թիվը, ըստ Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի տվյալների՝ 2,5 մլն-ից ավելի է. «Հստակ թիվը 2,5 մլն-ից ավել է, եւ 300 հազար հայեր էլ, որ Հայաստանի քաղաքացիներ են, ժամանակավորապես են գտնվում Ռուսաստանում այլ պատճառներով՝ գնում, գալիս են, ընտանիքների հետ են,կամ ընտանիքների կեսը այստեղ է, կեսը՝ այնտեղ… Դա մեր տվյալներն են, որը ճշտելու աշխատանք չենք տարել»:
ՌՀՄ-ի գործունեության շրջանակները, ըստ Արա Աբրահամյանի, շատ լայն են՝ Հայաստանի համար արվող ծրագրերից մինչեւ Ռուսաստանի հայերի համար արվող հայապահպան, ինտեգրացիոն ծրագրեր, մինչեւ «լոբբինգ», ինչպես նաեւ՝ մասնակցություն հենց ռուսաստանյան կյանքին, օրինակ, ամեն տարի Կրեմլում նշվող «Համաձայնության օրը», որն արվում է ՌՀՄ ֆինանսավորմամբ: Դա պարոն Աբրահամյանը մեծ պատիվ է համարում:
Հայաստանում իրականացվող ավանդական ծրագրերից բացի՝ աջակցություն ԳԱԱ-ին, գործող գրեթե բոլոր ստեղծագործական միություններին, համագործակցություն Սփյուռքի, Մշակույթի եւ ԿԳ նախարարությունների հետ, ՌՀՀ-ն այս տարի Երեւանի քաղաքապետարանի հետ միասին կանցկացնի «Մաքուր Երեւան» ծրագիրը, քանի որ «Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, բոլորս էլ շատ ենք սիրում եւ աշխարհի հայերը, տարին թեկուզ մեկ-երկու օրով գալով Երեւան, ուզում են այն մաքուր տեսնել: Մենք պարոն Մարգարյանի հետ կստորագրենք թուղթ, որ մենք մեր անելիքներն իմանանք, քաղաքապետարանը իր մոտեցումները, եւ անենք այնպես, որ Երեւանը չկեղտոտվի»:
Պարոն Աբրահամյանը նաեւ ռազմավարական ծրագիր ունի. «Երեկ մեզ մոտ խորհրդակցություն էր, քննարկում էինք ստրատեգիայի նոր ուղղություն, որ նվիրված լինի երիտասարդությանը, ոնց անենք, որ մարդկանց հավատքը վերադառնա դեպի իշխանություն, դեպի երկիր, որ բարոյական նորմաները պահպանենք բարձրացնենք բարձր մակարդակի վրա»:
Կարդացեք նաև
ՌՀՀ-ն ամեն տարի ՀՀ ստեղծագործական միություններում անցկացվող մրցույթների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, լրագրողների եւ այլն, մյուս տարի եւ 2015-ին նվիրելու է Ցեղասպանության հարյուրամյակին: Ռուսաստանում էլ է Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացնելու, դրա համար ստեղծվել են խորհուրդներ, որոնք «միավորում են Ցեղասպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































